«Ի վերջո, այս խնդիրը լուծվելու է պատերազմի արդյունքում»
«Ադրբեջանը հաճախ է փորձում իր ուժը ցույց տալ: Բայց, այդուամենայնիվ, ես այս պահին պատերազմի հավանականություն չեմ տեսնում. բացի այդ՝ չեմ կարծում, որ մեր տարածաշրջանում ազդեցիկ երկրները ցանկանան, որ պատերազմ, լինի», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ շեշտելով՝ մոտակա ժամանակներս պատերազմ կարող է լինել միայն այն պարագայում, եթե դա Հայաստանը ցանկանա:
«Բայց մենք դրա կարիքը չունենք: Առաջիկայում մեզ համար ձեռնտու է ստատուս-քվոյի պահպանությունը: Բայց ես կարծում եմ՝ ի վերջո այս խնդիրը լուծվելու է պատերազմի արդյունքում: Ցավում եմ, որ այդպես եմ ասում, բայց կարծես թե այլ ելք չկա: Ադրբեջանը բացարձակապես պատրաստ չէ փոխզիջումների: Այդ երկիրը ուզում է Արցախն իր տիրապետության տակ առնել: Ադրբեջանը չի ուզում Արվցախը տեսնել որպես անկախ երկիր: Ես վստահ եմ՝ գերտերությունները թույլ տեն տա, որ պատերազմ լինի:
Մի տարբերակ է մնում. հիմա ասեմ՝ ինչու ասացի, թե պատերազմ կլինի միայն այն պարագայում, եթե հայկական կողմը դա ցանկանա: Ի վերջո, մեր երկիրը հոգնելու է այս իրավիճակից: Ցավոք, ամեն շաբաթ մենք կորուստներ ենք ունենաում: Չի բացառվում, որ կհասունանա մի այնպիսի իրավիճակ, որ դրան վերջ դնելու համար Հայաստանը կուզենա միանգամից մի կոշտ պատասխան տալ Ադրբեջանին և դրանով շատ հարցեր կլուծվեն: Այսպես երկար շարունակել չի կարելի», – նշեց Սոս Գիմիշյանը: