Վանաձորի քաղաքական ճգնաժամը հասավ Սահմանադրական դատարան
Ինչպես խոստացել էինք, Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո մանդատագողության արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամից ելք գտնելու նպատակով հունիս 9-ին, «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցություններն առաջին անգամ 6-րդ գումարման Ազգային Ժողովում իրացրեցին պատգամավորների մեկ հինգերորդի կողմից Սահմանադրական դատարանում իրավական ակտի սահմանադրականության հարցի վիճարկման լիազորությունը:
ՀՀ Ազգային ժողովի 26 պատգամավորներ, ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում են Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբացկությունների ներկայացուցիչները սույն թվականի մարտ ամսից սկսած լինելով փոքրամասնություն, չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ։
Ազգային ժողովի «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները վիճարկում են նաև այս որոշումների սահմանադրականությունը:
Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանում ավագանու որոշումների սահմանադրականության վիճարկումը Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է:
Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: