Սիբիրյան խոց Լոռիում. Henaran.am-ը ահազանգել էր
Հոկտեմբերի 4-ին Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում երեք անձի մոտ արձանագրվել է սիբիրյան խոց (մաշկային ձեւ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը:
Նախարարության եւ մարզի առողջապահական կառույցների մասնագետների կողմից կազմակերպված բակային համայցի արդյունքում հայտնաբերվել են եւս ութը: Հիվանդները ենթարկվել են լաբորատոր հետազոտության: Յոթ հիվանդի մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձեւը: Մյուսների հետազոտություններն ընթացքում են: Հիվանդները հոսպիտալացվել են եւ ստանում են անհրաժեշտ բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության եւ ունեն առողջացման դրական տեղաշարժ:
Կազմակերպված եւ իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդության հավանական վարակի աղբյուրը համայնքում արձանագրված կենդանիների անկումներն են, որոնց մսեղիքն օգտագործվել է սննդում: Միաժամանակ պարզվել է, որ մսեղիքի որոշ չափաբաժին տեղափոխվել է Գյումրի:
Իրականացված հետազոտությունների արդյունքում Գյումրիում հայտնաբերվել է չորս կասկածելի հիվանդ, որոնք հոսպիտալացվել են, կազմակերպվել են լաբորատոր հետազոտութուններ (ընթացքում են) եւ բուժում:
Հիվանդության տեղայնացման եւ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվում են բակային համայցերը: Որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղիքը, իրականացվում է տնային տնտեսությունների կենցաղային պարագաների ախտահանում:
Հ.Գ. Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբեր ամսին Henaran.am-ը ահազանգել էր Լոռու մարզի համայնքներում արձանագրված դեպքերի մասին: Սակայն պաշտոնական աղբյուրները հերքում էին վարակի մասին լուրերը: