Պտղատու այգիները կարկտահարվել են
Մայիսի 27-ին կարկուտ տեղաց մի շարք համայնքներում՝ այդ թվում Արագածոտնի մարզի Արտենի գյուղում:
Արտենի համայնքի ղեկավար Գեղամ Խլղաթյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ մարզպետարանում տեղյակ են կարկտահարության մասին. մասնագիտական հանձնաժողովը վնասի չափը պարզելու համար աշխատանքներ է իրականացնում:
Գեղամ Խլղաթյանն ընդգծեց՝ Արտենիի բնակիչները հույը չեն կորցնում, ակնկալում են, որ պետությունը իրենց կրած վնասը կփոխհատուցի:
«Հիմնականում վնասվել են պտղատու այգիները՝ ծիրան, խնձոր, սալոր… մոտ 5 00 հեկտար հողատարածքի վրա կարկուտ է տեղացել. արդյունքում 160 հեկտար պտղատու այգիներ են վնասվել՝ տարբեր աստիճանների: Այգիները վնասվել են 30- 50 տոկոսով», – նշեց համայնքապետը՝ շեշտելով՝ գյուղացիները ծանր վիճակում են, բայց, այդուամենայնիվ, ակնկալիքներ ունեն, որ, միգուցե, պետությունը հնարավորություններ ունենա ու փոխհատուցի վնասը: