«СПАСИБО ДЕДУ ЗА ПОБЕДУ»․ կենացներ ու շնորհավորանքներ հայ վետերաններին ռուսական ռազմաբազայում /ֆոտո, տեսանյութ/
Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքն, այս տարի ևս մայիսի 9-ին բազմամարդ էր: Մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, նախ հարգելով Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը, ծաղկեպսակ դրեցին «Անմար կրակ»ի մոտ:
Այս տարի եւս միջոցառմանը ներկա էին պատերազմի վետերանները, ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ քչերն էին կարողացել մասնակցել:
Գյումրիում այժմ կա մոտ 30 Հայրենական պատերազմի մասնակից: Շատերը առողջական խնդիրների պատճառով չէին կարողացել ներկայանալ:
Տոնական միջոցառմանը շնորհավորելով բոլորին` Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ 72 տարի առաջ ձեռք բերած հաղթանակը փառահեղ էր, ինչի համար պետք է շնորհակալ լինել թե՛ նրանց, ում արյան գնով վաստակվել է հաղթանակը, թե՛ նրանց, ում շարքերն այսօր նոսրանում են:
«Իրենց պապերի եւ հայրերի արժանավոր ժառանգներն այսօր էլ շարունակում են հերոսական պայքարով, իրենց կյանքի գնով պաշտպանել մեր հայրենիքը>>:
Շնորհավորական ելույթներից հետո տեղի ունեցավ Հայաստանի զինված ուժերի՝ ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի եւ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի եւ սահմանապահ ջոկատի զինվորների համատեղ շքերթը:
Տոնական օրը վետերանների համար շարունակվեց Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում: Զինվորականները տոնական համերգ էին կազմակեպել, որի ընթացքում հնչեցին ռազմական երգեր, շնորհակալական խոսքեր:
Իսկ դրսում մասնակիորեն ներկայացված էր ռազմական տեխնիկան: Տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, կատյուշա, զենք զինամթերք ու զինվորականները հյուրերին ներկայացնում էին տվյալ զենքի անցած ուղին:
Քիչ ավելի հեռու դաշտային խոհանոցի մոտ խոհարարը հյուրասիրում էր հնդկաձավարով ու մսով փլավ, հին չուգունե թեյնիկներով թեյ ու կոմպոտ: Իսկ վրաններում վետերանները կարողացան իրար շնորհավորել ու խաղաղություն ցանկանալ աշխարհին, իսկ հայ զինվորին բարի վերադարձ հայրենի օջախ:
Զինվորական մետաղյա գավաթներով էլ հայ վետերանների կենացը խմելով, նախ շնորհակալություն հայտնեցին ու նոր կենաց հնչեց. <<СПАСИБО ДЕДУ ЗА ПОБЕДУ>։