Լուրջ անակնկալներ Հովիկ Աբրահամյանից․ Ժամանակ
Հիմա դժվար է որոշակիորեն պնդել, թե Հովիկ Աբրահամյանը՝ ի դեմս որդու՝ Արգամ Աբրահամյանի, Աժ ընտրություններում հաղթեց հանրապետական կուսակցությանը: Ի վերջո, հավաքած 33 հազար ձայնը հանրապետությունում ամենաբարձր ցուցանիշներից է: Բայց այն հանգամանքը, որ նույն ընտրատարածքում նրա մրցակից՝ Արարատի մարզպետի եղբայր Արայիկ Գրիգորյանը հավաքել էր ավելի քան 44 հազար ձայն, ապա 33 հազարանոց ցուցանիշը Աբրահամյանների համար այնքան էլ հաղթական չէ, հատկապես, որ վերջին 20 տարիներին Արարատի մարզը համարվում էր Աբրահամյանի կալվածքը:
Ընտրությունների եւ մարզում ունեցած ազդեցության առումով Աբրահամյան-ՀՀԿ պայքարում առաջիկայում սպասվում է թերեւս ավելի կարեւոր «ստուգատես»՝ Արտաշատի քաղաքապետի ընտրությունները, որի արդյունքներով, թերեւս, կթելադրվի նաեւ Հովիկ Աբրահամյանի հետագա գործունեության բովանդակությունը: Հիմա թե’ իշխանությունները եւ թե’ Աբրահամյանը լրջորեն նախապատրաստվում են այդ ընտրություններին, թեեւ առերեւույթ կարծես Արտաշատում առանձնակի զարգացումներ չկան:
Հետընտրական ու սպասվելիք ընտրությունների ֆոնին առերեւույթ ոչնչով աչքի չընկնող, իրականում բավականին ուշագրավ «միջադեպ» է տեղի ունեցել Աբրահամյանների թիմում: Օրերս Արգամ Աբրահամյանը 9 մլն դրամանոց «Լեքսուս» մակնիշի ջիպ է նվիրել իր թիմակիցներից՝ տարածաշրջանում հայտնի Կյաժին (Վահրամ), ով Արտաշատի մի քանի գյուղերում բավականին լուրջ ներդրում է ունեցել Արգամի հաղթանակի գործում:
Համաձայն տեղացիների՝ նախընտրական քարոզչության ընթացքում մարզի ՀՀԿ-ականները բազմիցս փորձել են չեզոքացնել Վահրամին, անգամ խաբեությամբ ծեծ ու ջարդ կազմակերպելով, հետո նույն գործով ոստիկանությունում վերջինիս վրա քրեական գործ հարուցելով: Այդուհանդերձ, Արգամի գնահատանքից հասկանալի է դառնում, որ Կյաժը հաստատակամ է գտնվել:
Համապետական ընտրություններից շուրջ մեկ ամիս անց Արգամ Աբրահամյանը, հայտարարելով, որ իրենք չեն մոռանում իրենց կողքին կանգնածներին, որպես շնորհակալության հավասատիք ճոխ նվիրատվություն է արել: «Նեղ» շրջապատում, թերեւս հանրության «լայն շերտերի համար», հայտարարվել է նաեւ, որ դա միայն սկիզբն է, առաջիկայում սպասեք «նոր անակնկալների»: Նվիրել են Աբրահամյանները, բոլորը դա գիտեն, բայց նվիրատուները հայտարարում են, որ մեքենան «Բարգավաճ Հայաստան»-ի նվերն է կուսակցությանը ձայներ ապահովելու համար:
Հովիկ Աբրահամյանը բոլորովին էլ այն անձնավորությունը չէ, որ ընդունի մեկ ուրիշի գերապատվելիությունը, թեկուզ այդ ուրիշը լինի խնամին: Հատկապես, որ նույն այդ խնամին՝ «խիստ զայրացած» ընտրություններում գրանցած իր համար «անսպասելի ցածր արդյունքներից», կուսակցության քարոզչությամբ զբաղվող ամբողջ թիմին զրկել է երկու ամսվա աշխատավարձից, ցածր արդյունքներ ապահոված կուսակիցներին սպառնացել է, որ Աժ չեն մտնի, ու հանված որտեղից-որտեղ որոշել է 10 մլն դրամանոց պարգեւ տալ Արտաշատում լավ աշխատած ոմն Կյաժի: Պարզապես անկուսակցական Աբրահամյանները հող են նախապատրաստում առաջիկայում Արտաշատի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի հաղթական մասնակցության համար:
Հետեւաբար Արտաշատի ընտրություններից շաբաթներ կամ օրեր առաջ թերեւս մեկ-երկու նման անակնկալներ եւս կմատուցվեն Աբրահամյանների կողմից, ինչը բազմաթիվ գործունյա երիտասարդների համար առավել քան ոգեւորիչ է: Ընդհանրապես Արտաշատի քաղաքապետի ընտրությունների առումով բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Նախ՝ Արտաշատը փոքր քաղաք է, որպեսզի նախագահ Սերժ Սարգսյանը «իրեն թույլ տա» իջնելու այդ մակարդակին եւ զբաղվելու քաղաքապետի ընտրություններով: Երկրորդ՝ Հովիկ Աբրահամյանը ընդունել է իր լիակատար պարտությունը, «ընդունում» է նախագահ Սերժ Սարգսյանի միանշանակ «իրավացիությունը», ու նրա պայքարը հիմա ընդամենը «պղտոր ջրերի» դեմ է:
Երրորդ՝ Արգամ Աբրահամյանի կարգախոսից պարզ էր դառնում, որ նախկին վարչապետը, թերեւս հասկանալով, որ իրենն արդեն անցել է, ավելի կենտրոնանում է որդու քաղաքական կարիերիայի վրա: Հետեւաբար նա արդեն Սերժ Սարգսյանի համար ոչ միայն անվտանգ է, այլեւ տեղ-տեղ նույնիսկ համախոհ:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։