Սրտով հայ ժողովրդի հետ ենք․ Մարիա Զախարովան՝ Հայոց ցեղասպանության մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է տեղադրել ու գրել, որ Նյու Յորքի հայկական եկեղեցում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ինչ որ մեկը չի ճանաչում «ցեղասպանություն» անվանումը, ինչ որ մեկը կասկածի տակ է դնում զոհերի թիվը, քննարկում` «եղել է, չի եղել»: Ռուսաստանի Պետդուման դեռևս 1995 թվականին ընդունել է «1915-1922 թվականներին իր պատմնական հայրենիքում` Արևմտյան Հայաստանում, հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին» բանաձև: Նյու Յորքում` ՄԱԿ-ի շենքի հարևանությամբ գտնվում է հայկական եկեղեցի: Մտա: Այսօր սրտով հայ ժողովրդի հետ ենք, որտեղ էլ գտնվենք»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարիա Զախարովան: