Քանդում ենք մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր անհավատությամբ
Հաղորդավար, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է տեղադրել եւ գրել․
«Մենք մեղավոր ենք։ Մենք ենք մեղավոր մեր թուլության համար ու անկառույց երկրի։
Այսօր էլ ամբողջ ուժով կառուցում ենք ԱՄՆ- ն, Գլենդելը վերածել ենք ամենաթանկ քաղաքներից մեկի, որն աստիճանաբար լքում են հայերը, համապատասխան ֆինանսներ չունենալով։ Ռուսաստանի տարբեր ծրագրերով քաղաքացիություն ենք ստանում, որ գնանք ու շենացնենք Վորոնեժներն ու Իժևսկները։ Նորից ու նորից շենացնում ենք Թիֆլիսը, մի օր էլի այդ էլ կլքենք, բայց արած գործը կմնա ՎՐԱՑԱԿԱՆ, որովհետև վրացին հիանալի է պահպանում իր ունեցվածքը։ Մեղավոր ենք, որ Երուսաղեմից վերադառնալիս, երբ սահմանապահ երիտասարդ աղջիկն ինձ մի ժամ հարցաքննում էր, թե ինչու եմ եղել Բեյրությում, և երբ ի պատասխան լսեց, որ Հայոց ցեղասպանության պատճառով մեծ համայնք ունենք այնտեղ ու նկարահանումներ էինք իրականացնում, ցեղասպանություն՝ ինչպես ձեր հոլոքոստն է, անգամ աչքը չթարթեց, որովհետև հետաքրքիր չէ իսրայելցուն մեր պատմությունը, նա իրենն է ուսումնասիրում ու ՏԱՐԱԾՈՒՄ։ Իսկ մենք անգամ մերը չգիտենք։
Երբ փոքր ազգի բարդույթով հա Share ենք անում տարբեր գյուտերի հեղինակների, որոնք ազգությամբ Հայ են, ու գոռում ենք, որ Աշխարհը մենք ենք կառուցել, բայց մեր մի կտոր Հայաստանը չենք կարողանում ոտքի կանգնեցնել՝սովորական ասֆալտից մինչև որակյալ բանակաշինություն , գտնելով տարբեր «մեղմացուցիչ» հանգամանքներ, մենք ու էլի մենք ենք մեղավոր։
Չեմ կարող մեղադրել Իսրայելին, որովհետև հայելապատ ճանապարհներ ունեն, հիանալի կառուցապատում, որովհետև աստիճանաբար ձեռք են բերում Հայոց Երուսաղեմի Սրբության սրբոց ժառանգությունը, ունենում են անթիվ անհամար երեխաներ ու իրենց Պոտենցիալը պահում են ԻՐԵՆՑ Երկրի ներսում, օգտվում են Հայի գենից, բայց չեն էլ ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը։
Չեմ մեղադրում Ռուսաստանին, որը միշտ, ՀԱՎԵՐԺ երկակի քաղաքականություն է վարել ու վարում, ձիգ պահելով իր «վասսալի» սանձը, երբ պետք է ուղարկում Պատերազմի, իսկ երբ ոչ՝ մատնում սովի, որովհետև մենք ենք մեղավոր։
Չեմ մեղադրում ԱՄՆ- ին, որ մշտապես պահպանում է դիվանագիտական նեյտարլիտետը, որպեսզի ամերիկյան դիվանագետներին հանկարծ չխառնեն մեր «խառը» գործերի մեջ, որովհետև Թուրքիան ուժեղ է, իսկ Ամերիկան՝ գերտերություն, որտեղ հայությունն ավելի շատ է քան Հայաստանում։ Մենք ենք մեղավոր։
Բյուզանդիայի, հայերի , հույների և այլ ազգերի ունեցվածքով, գողացած մշակույթով կամ արյամբ ուժեղացած Թուրքիան փողով, ուժով, արտաքին կապերով, ֆիլմերով կամ կաշառքով պարտադրում է իր «պատմություն»-ն ու «ճշմարտությունը»։
Ճշմարտություն պարտադրում են ՄԻԱՅՆ ուժով։
Մենք մեղավոր ենք մեր դյուրահավատության մեջ,
երբ էդպես էլ չհասկացանք անցյալի սխալները։
Ցեղասպանված հայերի ունեցվածքով Թուրքիան վերականգնեց իր տնտեսությունն ամբողջապես, անհատ հայերի ունեցած հարստությամբ համաշխարհային պատերազմի տարիներին բոլորի անկման փոխարեն վերելք ունեցավ տարեցտարի, մեր արյան ու ինչքի հաշվին,
երբ Հայերը կարող էին հզոր պետություն ստեղծել, ու կանխել Մի ամբողջ ազգի մշակութային ու ֆիզիկակական ցեղասպանությունը։
Փառասիրությունն ամենամեծ ծուղակն է մեր կյանքի։
Միամիտ Դյուրահավատությունը, երբ օտարը ժպտում է մեզ, ու խաբում ։՝ տանելով մեր երեխային, ընդամենը փայլուն խաղալիք ցույց տալով։
Օտարամոլությունն է մեզ կազմալուծում, քանզի երկրի ներսում եղողին չենք էլ տեսնում, էլ ուր մնաց գնահատենք։ Գնաց՞ դուրս, կդառնա Կուռք։
Հավատքի համար նահատակված մեր Սրբերին մենք մեր հավատքին դավաճանելով նորից նահատակում ենք։
Ավելի վատ քան թուրքերը, քանդում ենք մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր անհավատությամբ,հոգևոր դասի պառակտվածությամբ ու մեր ազգային ԱՆՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ։
Միաբանության համար խոնարհություն է պետք, իսկ մենք՝ Հայերս, մեծամիտ ու ըմբոստ մեր երկրում, ստրկամիտ ու խեղճացած օտարի հողում…
Մենք ենք մեղավոր
ես
դու
Մենք
Աշխարհին ՀԻՇԵՑՆԵԼՈՒ համար նախ մե՛նք պետք է հիշենք, մեր անթիվ անհամար, ԿՐԿՆՎՈՂ ՍԽԱԼՆԵՐԸ հիշենք, ուրիշին՝ օտարին նվիրվելու անմտությունը հիշենք, հինգ հոգով իրար հա «միս ուտելու» փաստը հիշենք, ու նոր պահանջենք՝ Մեզնից։
Հ.Գ. Աշխարհի հզորագույն քաղաքակրթություններ ու ազգեր վերացել են, իսկ ՄԵՆՔ ԴԵՌ ԿԱՆՔ. վերևում Աստված կա, իր օրհնությամբ կանք։
Ես ուղղակի ուզում եմ, որ հզորանանք ու արժանապատվորեն ապրենք։
Ապրենք մեր Երկրում։ Այդքանը»։