Անչափահասին սպանելու մեջ մեղադրվող Արսեն Խոջոյանը դատապարտվեց
Տավուշի մարզի Բերդի դատարանը անչափահաս աղջկա սպանության համար Արսեն Խոջոյանին այսօր դատապարտել է 9 տարվա ազատազրկման:
Այս մասին Henaran.am-ի թղթակիցը տեղեկացավ Արսեն Խոջոյանի պաշտպան Աննա Մեժլումյանից:
«Արսեն Խոջոյանը դատարանում ընդունեց մեղքը և ներողություն խնդրեց տուժող կողմից»,- ասաց պաշտպանը:
Պաշտպանի խոսքով՝ Խոջոյանը վճիռը բողոքարկելու ցանկություն չունի:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը 2016թ հունիսի 24-ին Բերդ- Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում իր մոր հասցեին տրված հայհոյանքի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել նույն գյուղի անչափահաս բնակչուհի Աստղիկ Հանիսյանին, ով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր:
Արսեն Խոջոյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն: Նշենք նաև, որ Արսեն Խոջոյանը գերեվարվել էր Ադրբեջանի կողմից 2014-ի մարտի 7-ին և հայրենիք էր վերադարձվել նույն թվականի ապրիլի 10-ին: