Քո ամենօրյա երկնային մանանան
Երբ Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսի գերությունից ազատվեց և հասավ Սինայի անապատ, սոված էր և հաց ուզեց: Եվ Աստված ասաց Մովսեսին. «Ահա Ես երկնքից հաց պիտի տամ ձեզ, և ժողովուրդը վեր կենա՝ և օրվա պետք եղածը նույն օրը հավաքի, որ փորձեմ նրանց, թե Իմ օրենքի համեմատ պիտի գնան, թե ոչ» (Ելից 16.4): Այդ հացը մանանան էր, որ ամեն օր պիտի իջներ երկնքից: Ժողովուրդը այն պիտի հավաքեր. ա) Մեկ օր և միայն այդ օրվա համար: բ) Վաղ առավոտյան (արևը տաքացնելուց հալչում էր):
գ) Ամեն մեկն իր և իր ընտանիքի կարիքի համար: Մանանան հաց էր՝ մարմնի քաղցը հագեցնելու համար: Բայց մարդն ունի ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր հացի կարիք, և այն պակաս կարևոր չէ: Երբ Հիսուս քառասուն օր ծոմ պահելուց հետո սովեց, մոտեցավ փորձիչը և նրան փորձելով ասաց. «Եթե Աստծո Որդի ես, ասա, որ այս քարերը հաց դառնան: Նա էլ պատասխանեց և ասաց. գրված է՝ ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մաթ. 4.3,4):
Այս հացն է, որ սնում և ապրեցնում է մարդու հոգին: Երբ մանանան հավաքելու սկզբունքը կիրառենք այս երկնային հացի պարագայում, հոգևոր քաղց չենք ունենա: Ինչպես որ մարմինն առանց հացի չի կարող ապրել, այնպես էլ հոգին՝ առանց Աստծո Խոսքի: Ուրեմն՝ ամեն օր՝ առավոտյան, ամեն մեկս հավաքենք այդ հացը՝ հոգու, որ ապրենք հոգով:
Խաչիկ Խլղաթյան