97 համայնք չի սպասարկվում ներմարզային երթուղիներով. վարչապետը հանձնարարեց
«Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ»,-այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքով՝ 97 համայնք չի սպասարկվում ներմարզային երթուղիներով։
Վարչապետը անհրաժեշտ համարեց հանրապետությունում երթուղային ցանցի, մասնավորապես՝ ներմարզային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը:
Կարապատեյանի նկատեց, որ ժամանակն է սահմանել խնդրի լուծման հստակ վերջնաժամկետները:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին 3-շաբաթյա ժամկետում ամփոփել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետության և մարզերի համար նախատեսված ուղևորափոխադրման երթուղային ցանցի նոր տարբերակ, որի պարագայում կլուծվի նշված 97 բնակավայրերի ներմարզային երթուղիներով, ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային միջոցներով սպասարկման հարցը:
3-շաբաթյա ժամկետում ակտիվացնել Հայաստանի Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ՀՀ պետական բյուջեից և վարկային ծրագրերով ֆինանսավորվող շինարարական և վերականգնողական աշխատանքները, և Կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2017 թվականին նախատեսված աշխատանքների վերաբերյալ:
1-ամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ ճանապարհների շինարարության և պահպանման» հիմնադրամի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, և ներկայացնել առաջարկություն նշված հատուկ հիմնադրամը ֆինանսական ռեսուրսների ապահովման և հնարավոր աղբյուրների վերաբերյալ: