Սյունիքի մարզպետը կվերցնի՞ մանդատը. Հայկական Ժամանակ
Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում թիվ 12 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ստացել է 21 հազար 823 ձայն, ինչը նշանակում է, որ այս ընտրատարածքին բաժին ընկնող պատգամավորական մանդատներից մեկը նրան է հասնելու:
Հակոբյանից այսօր հետաքրքրվեցինք՝ հրաժարվելո՞ւ է մանտադից՝ պահպանելով մարզպետի պաշտոնը, թե՞ պատգամավոր է դառնալու: «Ես ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս, երբ որ ժամանակը կգա՝ կիմանաք»,- շատ կտրուկ ասաց նա՝ հրաժարվելով այլ հարցերի եւս պատասխանել:
Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ականներին հրահանգված է լուռ սպասել՝ մինչեւ մանդատների հարցով որոշումները կայացվեն: Չնայած սրան, որոշ ՀՀԿ-ականներ չեն կարողացել զսպել իրենց եւ արդեն թանկարժեք հրավառություններով բարձրաձայնել են ընտրվելու մասին:
Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը մարզպետի պաշտոնին նշանակվել է 2016 թվականի հոկտեմբերի 6-ին՝ փոխարինելով Սուրիկ Խաչատրյանին: Մարզպետ նշանակվելուց հետո նա ընտրվել է նաեւ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: