26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նորընտիր խորհրդարանը`աշխարհաքաղաքական դիտանկյուններից

Առայժմ մամուլի մակարդակով կատարված ամերիկյան արձագանքը` հայաստանյան ընտրությունների ուղղությամբ ակնկալելիորեն շատ դրական երանգներ չպիտի չհաղորդեր. մինչ այժմ հրապարակվածը ընտրությունները դիտարկում է իբրեւ ռուսամետ իշխանությունների հաղթանակ, ինչը իր հերթին մեկնաբանվում է Կովկասում ռուսական ազդեցության գոտու հավելյալ ամրակայման միջոց։

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանության հրապարակած հաղորդագրությունում նկատելի էր զգուշավորություն որեւե հակասություն չդրսեվորելու ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության կատարած գնահատականի հետ։

Ինչպես տեղեկատվական, այնպես էլ դիտորդական արձագանքներն ու գնահատումները ունեն հիմնականում քաղաքական առանցք եւ ենթատեքստ։ Այնպես էլ պետք է ըմբռնել ԱՊՀ-ի դիտորդական առաքելություն իրականացնողների գերդրական գնահատումները խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որոնք կենտրոնացան հատկապես ընտրատեղամասերում կիրառված նորարարական տեխնիկայի վրա, ընդգծելով մեր երկրի առաջնայնությունը` նման մշակույթ որդեգրելու եւ գործնականացնելու փաստը։

Քաղաքական գնահատումների այս երկու ցուցիչ օրինակները բաւարար են  տեսնելու բեւեռացած մեկնաբանությունները հայաստանյան ընտրութունների վերաբերյալ։ Եւ անիրատեսական չպիտի լիներ խորհրդարանական ընտրությունները աշխարհաքաղաքական դիտանկյուններից փորձել արժեւորելու։ Սա որեւե ձեւով միտված չէ իհարկե գերարժեւորելու ընտրական իրադարձությունը, այլ պարզապես տարածաշրջանում գերտերությունների ազդեցության գոտիների ձեվաւորման ընդհանուր գործընթացը քաղաքականորեն կարդալու։ Խնդիրը, նույն հայեցակետով կովկասյան տարածաշրջանում Արեւմուտքի, Ռուսաստանի Դաշնության եւ այլ շահագրգիռ կողմերի քաղաքական ենթահողերի ձեվավորմանն է վերաբերում` աւելի լայն տեսադաշտում։

Այս բեւեռներից զատ սակայն, կա կարեւոր կողմ՝ Եւրոպան,  որը նաեւ մեր արտաքին քաղաքականության համար գերակա անշրջանցելի ուղղություն է։ Չմոռանանք, որ թե՜ Սահմանադրության նորացման եւ թե՜ նոր ընտրակարգի որդեգրման ընթացակարգին ամենից մոտիկից հետեւողը եւրոպական համապատասխան շրջանակներն էին։ Քայլ առ քայլ եւ փոփոխություն առ փոփոխություն համարյա ամեն ինչ համաձայնեցվում էր Վենետիկի հանձնաժողովի կողմից։

Այժմ կենտրոնանանք ԵՄ-ի պաշտոնական հայտարարության առանցքային կետերի վրա, այնտեղ նկատելու համար Բրյուսել-Երեւան հարաբերությունների ներկան ու հեռանկարը։

Ա.  Ընդհանուր առմամբ առկա էր հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ: Այդուհանդերձ, ընտրությունների վրա ստվեր է գցել արժանահավատ տեղեկատվությունն առ այն, որ եղել են քվեներ գնելու դեպքեր, քաղաքացիական ծառայողների և մասնավոր հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, որն էլ իր հերթին հանգեցրեց ընտրությունների նկատմամբ հանրային վստահության պակասի խորացմանը: Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը:

Բ. Չնայած որ աննախադեպ քանակի միջազգային և տեղական դիտորդների համար ստեղծվել էր աշխատանքային նպաստավոր միջավայր, միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունները չէին հրավիրվել դիտորդություն իրականացնելու՝ ի հակադրումն 1990 թվականի ԵԱՀԿ Կոպենհագենյան փաստաթղթի: 

Գ. Չնայած որոշ ոչ նշանակալի տեխնիկական խնդիրների առկայությանը՝ դիտորդներն արձանագրել են քվեատուփերի լցոնման, բազմակի քվեարկության, քվեների հաշվարկի և աղյուսակավորման վերաբերյալ  իրավախախտումների ավելի քիչ դեպքեր:

ԵՄ-ի գնահատականները միանշանակ չեն. այս դեպքում փոխանցվածից աւելի էականը թե՜ վերապահություններ եւ թե՜ դրական հատկանիշեր փոխանցելու մեթոթաբանության կիրառումն է։ Ինչը որ նշանակում է, թե հարաբերությունների զարգացման համար որոշ պայմանականության նախադրյալներ կան։

Բայց այս պայմանական մոտեցումների փոխանցումներին առընթեր կան բաժիններ, որոնք խոսում են ԵՄ-ի շահագրգռվածության մասին կոկվասյան հանրապետության հետ հարաբերությունները շարունակելու եւ եւրոպական ենթահողը այդ առումով ձեվավորելու։

Փաստորեն, ԵՄ-ի խոսնակը հայտնում էր, որ Բրյուսելը «հետամուտ է Հայաստանի կայուն, ժողովրդավար և բարեկեցիկ ապագային: Ընտրական գործընթացների ամփոփումից հետո ակնկալում ենք աշխատել ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան ընտրված նոր Խորհրդարանի և Կառավարության հետ՝  ամրապնդելու քաղաքական երկխոսությունն ու շարունակելու ԵՄ օժանդակությունը սոցիալ-տնտեսական ոլորտի բարեփոխումներին, այդ թվում՝  հիմք ընդունելով վերջերս նախաստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես  նաև Եվրոպական հարևանության վերանայված քաղաքականության ու Արևելյան գործընկերության ավելի լայն շրջանակը»:

Նորընտիր խորհրդարանը այս ուղերձների հետ հաշվի նստելու խնդիր ունի, եթե դեպի Բրյուսել մեր արտաքին քաղաքականության ուղեւորությունը իբրեւ գերակա ուղղություն կարեւոր առաջադրանք է ոչ թե Վաշինգտոնի փոխանցած նոր խորհրդարանը ռուսական գոտի համարելու կարծրատիպը շրջելու, այլ ՀՀ-ի միակողմանի կախյալությունը հակակշռելու եւ բազմավեկտոր քաղաքականություն իրականացնելու օրակարգը իրացնելու գործընթացին նպաստելու։

 ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ