24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Իմ օրը սկսվում է երգով»

Ժողովրդական երգիչ Գրիգոր Միրզոյանին հանրությությունն առավելապես ճանաչում է որպես բեմական գործիչ: Իսկ ինչպիսի՞ն է նա առօրյայում, ի՞նչ նախընտրություններ ունի, բնավորության ի՞նչ յուրահատուկ գծեր ունի… Այս և նմանատիպ այլ հետաքրքիր բլից հարցերով Henaran.am-ը   դիմել է Գրիգոր Միրզոյանին:

-Գրիգո՛ր, սովորաբար ինչպե՞ս է սկսվում Ձեր առավոտը:
-Իմ օրը, սովորաբար, սկսվում է երգով:  Քանի որ սուրճ չեմ նախընտրում,  թեյ  եմ խմում,  այնուհետև դուրս եմ գալիս տանից ու գնում ստուդիա, համերգի, փորձի… այսպես:

-Ի՞նչը կուզենայիք փոխել Ձեր մեջ:

– Կարծում եմ՝ իմ մեջ մի փոքր համբերությունն է պակասում:

-Ի՞նչն է Ձեզ հունից  հանում:

-Երբ ինձ խաբում են:

-Ինչո՞վ եք հիանում:

-Իմ ընտանիքով, ընկերներով և այն ամենով, ինչ ունեմ:

-Ինչի՞ց եք վախենում:

-Այս դեպքում հարցը մի քիչ փոխենք, վերաձևակերպենք.   ես կասեմ՝ ումից եմ վախենում. Աստծուց:

-Ո՞ր բույրն է Ձեզ գրավում:

-Վարդի բույրը:

– Եթե ոչ Գրիգոր, ապա ուրիշ ինչպե՞ս են դիմում  Ձեզ մտերիմները:

-Գրիգ:

– Ինչպիսի՞ն  պիտի լինի  Ձեր երկրորդ կեսը: Կա՞ն չափանիշներ, որոնց  նա պարտադիր պետք է համապատասխանի:

-Որպես այդպիսին՝ հստակ չափանիշներ չկան: Ամենակարևորը՝  մենք պիտի  կարողանանք իրար լավ հասկանալ: Քանի որ իմ մասնագիտությունը որոշ դեպքերում շատ բարդ է, մեր միջև պետք է փոխվստահություն լինի, որպեսզի խնդիրներ չառաջանան:

-Դեմ չէի՞ք լինի, որ Ձեր երկրորդ կեսը լիներ հենց  ձեր ասպարեզից:

-Իհարկե, ո՛չ:

-Հակառակ սեռի ներկայացուցիչների մեջ  հատկապես որ՞ հատկանիշներն եք կարևորում:

-Իհարկե, հաճելի է, երբ աղջիկը գեղեցիկ է, բայց, ամեն դեպքում, ես առավելապես կարևորում եմ մարդու  ներքին գեղեցկությունը, ինտելեկտը և այլոց  հասկանալու ու ընկալելու կարողությունը:

-Շատերը պնդում են՝ աղջկա ու տղայի միջև  ընկերություն չի լինում, քանի որ ի վերջո,  մեծ մասամբ, եթե ոչ երկուսը, ապա գոնե կողմերից մեկը սիրահարվում է մյուսին. ի՞նչ կասեք այս մասին:

-Իհարկե, Ձեր ասած դեպքը կարող է լինել, այսինքն՝ որ ի վերջո սիրահարվեն միմյանց: Բայց, ամեն դեպքում,  կարծում եմ՝ աղջկա և տղայի միջև կարող է լինել ընկերություն: Ես ինքս էլ ունեմ շատ լավ ընկերներ, ովքեր աղջիկներ են:

-Սերիալներ դիտո՞ւմ եք կամ նախկինում դիտե՞լ եք:

-Ո՛չ, չեմ հասցնում: Բայց փոքր ժամանակ երևի դիտել եմ (ժպտում է-հեղ.): Ես սիրում եմ դիտել մեր հայկական հին ու լավ կինոները՝ «Մենք ենք, մեր սարերը», «01-99», «Ոսկե ցլիկը»…

-Զգայո՞ւն եք կամ զգացմունքային:

-Այո՛, կարծում եմ՝ զգայուն եմ, բայց երբեք դա ցույց չեմ տալիս:

-«Աստղային հիվանդությունը» Ձեզ ծանո՞թ է: Հավանական համարո՞ւմ եք, ո մի օր Դուք էլ  «հիվանդանաք» այդ հիվանդությամբ:

-Ո՛չ: Ես չեմ  «հիվանդանա» այդ հիվանդությամբ, քանի որ, եթե   դա ինձ ծանոթ լիներ, այդ երևույթն արդեն իսկ կլիներ իմ մեջ:  Իմ ընկերները և մտերիմները ևս կարող են վկայել այն մասին, որ ինձ մոտ նման բան չկա և չի էլ եղել:
 

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ