Հույսը Րաֆֆու վարկանիշն է
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու, “Ժառանգության” Կապանի տարածքային կառույցի ղեկավար, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը զբաղվածության պատճառով խնդրեց բոլոր հարցերն ուղղել իր խոսնակին:
“Ներեցեք, Երեւանից ազատամարտիկները եկել են Կապան, ես իրանց հետ եմ չեմ կարող խոսել”,-ասաց թեկնածուն` ավելացնելով, որ ընտրվելուց հետո առանջահերթ բարձարցնելու է ազատամարտիկների սոցիալական պաշտպանության հարցերը:
Նախընտրական ծրագիրը պատրաստ է, դրա մասին թեկնածուն կխոսի քարոզարշավի ընթացքում: “Ես օրենքի մարդ եմ, չեմ խախտի այն”,-ասաց թեկնածուն` հիշեցնելով, որ քարոզարշավը կիրակի է մեկնարկում:
Հենց այդ օրն էլ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ այլ հայտնի “Ժառանգականների” հետ կտրվի թեկնածուի քարոզարշավի սկիզբը: Սամվել Հայրապետյանը գտնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը կօգնի նրան ընտրվելուն: Չի կիսում ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի այն տեսակետը, որ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ընտրությունների ելքը որոշված է:
“Եթե չկեղծեն, արդարություն լինի, ապա ես անպայման կհաղթեմ”,-ասաց Սամվել Հայրապետյանը: Ի դեպ, ըստ նրա արդեն առաջին կեղծիքն արվել է: Թեկնածուն ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում “Ընտրություններ” ավտոմատացված համակարգի միջոցով կայացած թվով 76 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ վիճակահանությունը:
Ըստ այդմ, տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 34-ական, “Բարգավաճ Հայաստան” կուսակցություն (ԲՀԿ)` 24-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 6-ական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 4-ական, “Օրինաց երկիր” կուսակցություն (ՕԵԿ)` 4-ական, “Ժառանգություն” կուսակցություն՝ 4-ական:
“Դա ինչպես է կատարվում, կարող եք ինձ բացատրել”,-ասաց նա` ավելացնելով, որ մնացած հարցերով դիմենք խոսնակին:
Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքում մեծամասնկան ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունը նշանակված է սեպտեմբերի 29-ին: Բացի “Ժառանգության” թեկնածուից, մանդատի համար կպայքարեն ՀՀԿ-ի ոկղմից առաջադրված, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանն ու ինքնաառաջադրված “Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակ” ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը: