Աշխատավարձ, նոր աշխատատեղեր, սոցիալական պատասխանատվություն և, վերջիվերջո, հարկեր
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ: Ձեռնարկության ղեկավարությունը վարչապետին ներկայացրել է 2016թ. ֆինանսական ցուցանիշները և 2017թ. կանխատեսումները շուկայի արձագանքի ու ակնկալվող ծավալների վերաբերյալ:
Կարեն Կարապետյանն առաջարկել է պասիվ դիտորդի կարգավիճակում չսպասել, թե շուկան երբ բարենպաստ կդառնա և կառավարություն ներկայացնել ծրագիր՝ միջոցառումների, ներդրումների և քայլերի որոշակի փաթեթ, որոնք կնպաստեն ձեռնարկության արդյունավետության բարձրացմանը: Վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել քննարկել կոմբինատին աջակցության հնարավորությունները:
«Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր գործարարները, նման խոշոր ձեռնարկությունները լինեն հաջողակ, ներդրողները բավարարված լինեն իրենց եկամտաբերությունից, որովհետև դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը մեր բոլորի բարեկեցիկ ապագան է: Դա աշխատավարձ է, նոր աշխատատեղեր, սոցիալական պատասխանատվություն և, վերջիվերջո, հարկեր: Սպասում ենք ձեռնարկության ֆինանսական վիճակի առողջացման, բարելավման վերաբերյալ ձեր առաջարկություններին»,- նշել է կառավարության ղեկավարը:
Ագարակից վարչապետ Կարապետյանն ուղևորվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, շրջայց կատարել հանքարդյունաբերական ձեռնարկության տարածքում, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, ցուցանիշներին և զարգացման ծրագրերին:
Կառավարության ղեկավարը եղել է նաև մարզի Սյունիք համայնքում կառուցվող «Սյունիք Ֆուդ» գործարանի տարածքում: Ընկերությունը նախատեսում է Սյունիքի մարզում զբաղվել մրգի և բանջարեղենի պահածոների վերամշակմամբ։ Վարչապետին են ներկայացվել ներդրումային ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքների ընթացքը, արտադրության և արտահանման կանխատեսվող ծավալները: Նշվել է, որ ներդրումային ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 210 աշխատատեղ: