Էրդողանի «չափազանց կարևոր այցը» Մոսկվա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նախագահների հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես սիրիական հարցը, և ահաբեկչության դեմ պայքարը: Քննարկվելու են էներգետիկ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Թերթի բնորոշմամբ` «չափազանց կարևոր այցի» առաջնային նպատակը երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացն ավելի ամուր հիմքերի վրա դնելն է:
Այցի ընթացքում տեղի է ունենալու Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 6-րդ ժողովը, որը նախագահելու են Էրդողանը և Պուտինը:
Սպասվում է, որ կողմերը մի շարք համաձայնագրեր կստորագրեն, այդ թվում նաև համատեղ ներդրումային ֆոնդի ստեղծման մասին պայմանագիրը:
Աղբյուր` Ermenihaber.am