Ինչպես են նշել Վարդավառը Էմմին, Արամ MP3-ը, Նուռը և մյուսները /ֆոտո/
Այսօր քաղաքի միակ վայրը, որտեղ մեծ ու փոքր թրջվել են բացառապես իրենց կամքով, Սիրահարների այգին էր:) Հենց այստեղ է անցկացվել դիզայներ Արա Ասլանյանի եւ “MAROG Marketing”-ի կազմակերպած “Վարդավառ 2013” միջոցառումը, որի մուտքը եղել է առանց ջրով լի դույլերի:
Միջոցառման թիրախում եղել են լուսանկարիչներ Դավիթ Գալստյանի, Վահան Ստեփանյանի, Արմեն Աղայանի, Արտաշես Մարտիրոսյանի եւ Առնոս Մարտիրոսյանի “տաղավարները”, որտեղ նրանք բոլոր ցանկացողներին լուսանկարել են ամենատարբեր իրավիճակներում` ջրով լի փուչիկի տակ, վարդի թերթիկներով լի արհեստական լճակում կամ էլ, օրինակ, փոքրիկ ջրվեժի տակ:):
Նշենք, որ խոստացվածի պես, ժամանակ առ ժամանակ ֆոտոխցիկն իրենց ձեռքն են վերցրել ու պրոֆեսիոնալներին փոխարինել են սիրված ու հանրահայտ մարդիկ, որոնց թվում` Էմմին, Արամ Mp3-ը, Նուռը, Եգոր Գլումովը, Վահան Արծրունին, Դավիթ Սահակյանցը եւ ուրիշներ:
Դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ Նուռին այնքան է դուր եկել նախաձեռնությունը, որ BRAVO.am-ի հետ զրույցում խրախուսել է Արա Ասլանյանին ամեն տարի կազմակերպել այս միջոցառումը.“Նոր է, կրեատիվ ու պոզիտիվ: Շարունակական բնույթ կրելու դեպքում ես պատրաստ եմ ամեն տարի այս օրերին լինել Հայաստանում` հատուկ այս տոնին մասնակցելու նպատակով:)”:
Թաց ֆոտոսեսիաներին զուգահեռ այգում երգիծանկարիչ Վրեժ Քասունին ստեղծել է ներկաների նկարների էսքիզները, “Միհր” թատրոնը հանդես է եկել գեղեցիկ բեմադրությամբ, կազմակերպվել են հին հայկական ամենատարբեր խաղեր, համեղ հյուրասիրություն եւ այլն: “Վարդավառ 2013”-ի երաժշտական մասն ապահովել է Դիջեյների հայկական ասոցիացիան:
Արա Ասլանյանը խոստովանել է, որ մանկուց երազել է առագաստանավորդ լինել.“Այդ իսկ պատճառով էլ ջրի հետ կապված ամեն ինչ ինձ հոգեհարազատ է: Որոշել եմ այսուհետ ամեն տարի անպայման կազմակերպել այս միջոցառումը”: