Խաղաղապահության ոլորտում ՀԱՊԿ-ի հեռանկարները. միջազգային խաղաղապահական համագործակցությանն աջակցելու Հայաստանի պատրաստակամությունը
Ինչպես արդեն հաղորդել էինք, հունիսի 26-ից 27-ը Երևանում կայացավ Երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» խորագրով, որը կազմակերպել էին ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ), ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը: Պետք է նշել, որ Ֆորումին ներկա էին փորձագետներ ՀԱՊԿ-ի անդամ պետություններից, ներկայացուցիչներ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետություններից (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաև Երևանում հավատարմագրված միջազգային կազմակերպություններից: Ֆորումին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Բարձր գնահատելովՖորումի արդյունավետությունը` ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Կազմակերպության զարգացման առավելարդիականխնդիրների վերաբերյալ գիտափորձագիտականՖորումների անցկացման փորձի հիմանվրա ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի հովանու ներքո անցկացնել Ամենամյա ռազմավարական քաղաքական ֆորում: Առաջարկություն հնչեց Ֆորումի ձևաչափը դարձնելմիջազգային`ներգրավելովխաղաղության, կայունությանևհամընդհանուրանվտանգության պահպանման ընդհանուրշահերի համատեքստում հավաքականանվտանգության ամրապնդման մեջ շահագրգիռ բոլոր կողմերին:
Ներկայացնում ենքԵրկրորդռազմավարականքաղաքականֆորումիկազմակերպիչներից մեկի`քաղաքականգիտություններիդոկտոր (ՌԴ), Հակաահաբեկչության գծով փորձագետ (ԱՄՆ), ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, գեներալ–մայորՀայկՔոթանջյանի «ԽաղաղապահությունըորպեսՀԱՊԿ-իռազմականբաղադրիչի կարևորտարր.Հայաստանի տեղնուդերը» վերտառությամբ զեկույցը:
Հայտնի է, որ զինված հակամարտությունների կանխման և կարգավորման գործում չափազանց կարևոր է խաղաղապահական գործունեությունը, և այդ գործընթացներում առանձին երկրների կամ միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունն էապես նպաստում է դրանց հեղինակության բարձրացմանը, միջազգային հանրությունում ազգային և կոլեկտիվ շահերի առաջմղմանը, միջազգային անվտանգության համակարգում ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդմանը:
Գիտակցելով միջազգային անվտանգության և կայունության ապահովման գործում խաղաղապահության կարևորությունը` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետևողականորեն ընդլայնում է այս ոլորտում իր գործունեության համակարգման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական հիմքը: Ինչպես գիտենք, 2007թ. հոկտեմբերի 6-ին, Դուշանբեում ստորագրվեց «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին hամաձայնագիրը», որն ուժի մեջ մտավ 2009 թ.[i]:
Ըստ այդ Համաձայնագրի 2-րդ հոդվածի` խաղաղապահական գործողություններին մասնակցելու համար նախատեսվում է ստեղծել մշտական հիմքերով գործող խաղաղապահ ուժեր: Խաղաղապահ ուժերի համալրման համար անդամ պետություններին հանձնարարվում է հատկացնել խաղաղապահ թվակազմեր` ըստ իրենց ազգային օրենսդրությունների: Փաստորեն, կոլեկտիվ անվտանգության կազմակերպության շրջանակներում նախատեսվում է ստեղծել մշտական հավաքական խաղաղապահ զինվորական կազմավորում, որն աննախադեպ երևույթ է միջազգային պրակտիկայում: Այսօր ոչ մի միջազգային կազմակերպություն չունի մշտական հիմքերով գործող խաղաղապահ ուժեր: Օրինակ` ՄԱԿ-ում գործում է այսպես կոչված «ռեզերվային համաձայնագրերի» համակարգ: Այնպես որ` ՀԱՊԿ-ը կարող է դառնալ առաջին միջազգային կազմակերպությունը, որը կունենա գործելու միշտ պատրաստ «կապույտ սաղավարտավորների»[ii]:
Չնայած Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անցել է ավելի քան չորս տարի, և այդ ժամանակահատվածում Կազմակերպության շրջանակներում հետևողականորեն զարգացվել է խաղաղապահ ուժերի կազմավորման և կիրառման համար անհրաժեշտ իրավաքաղաքական բազան (մշակվել են խաղաղապահ ուժերի պատրաստման գծով մեթոդական հանձնարարականները), սակայն հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի խաղաղապահական գործունեության համեմատությամբ ՀԱՊԿ-ի գործունեությունը մնում է բավականին պասիվ: Հարկ է նշել, որ խաղաղապահության ոլորտում Կազմակերպության անդամ պետությունների համագործակցությունն ըստ էության դուրս չի գալիս համատեղ զորավարժությունների շրջանակից: 2012 թ. աշնանը Ղազախստանում տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2012» առաջին զորավարժությունը, իսկ հաջորդ զորավարժությունը նախատեսվում է անցկացնել 2013 թ. հոկտեմբերին Ռուսաստանում[iii]:
Նշված Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն` անդամ պետությունների տարածքում խաղաղապահական օպերացիա անցկացնելու մասին որոշումը անդամ պետությունների ազգային օրենսդրությունների հաշվառմամբ ընդունում է Հավաքական անվտանգության խորհուրդը (ՀԱԽ)` հիմք ընդունելով իրենց տարածքում խաղաղապահական օպերացիայի անցկացման մասին այդ անդամ պետությունների պաշտոնական դիմումը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը՝ ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող պետության տարածքում խաղաղապահական օպերացիա իրականացնելու մասին:
Եվ այսպես. թեև ինչպես Կազմակերպության պատասխանատվության գոտում այնպես էլ դրա սահմաններից դուրս խաղաղապահական օպերացիաների իրականացման մեխանիզմները նորմատիվ առումով սահմանված են, սակայն գործնականում ՀԱՊԿ-ին դեռ չի հաջողվում կոնկրետ գործունեություն ծավալել այդ ուղղությամբ:
Մինչդեռ Համաձայնագիրը և ՀԱՊԿ-ի խաղաղապահական գործունեության վերաբերյալ այլ հիմքային փաստաթղթերը իրական գործնական նշանակություն կստանան միայն այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ը նախաձեռնություն հանդես բերի մեր մոլորակի «թեժ կետերում» ծագած հակամարտությունների կարգավորման միջազգային անվտանգային գործընթացներում ներգրավվելու ուղղությամբ:
Կազմակերպության անդամ պետությունների տարածքում խաղաղապահական գործունեության իրականացումը քաղաքական առումով խնդրահարույց է թվում միայն խաղաղապահական օպերացիաների նպատակադրման և բովանդակության հնարավոր գնահատականների տեսակետից: Այլ կերպ ասած` խոսքը ներքին խաղաղապահության և պատժիչ գործողությունների տարանջատման երաշխիքների մասին է: Ինչ վերաբերում է նման օպերացիաների իրավաքաղաքական իրավազորությանը, ապա դրանց իրականացման համար 3-րդ հոդվածի հանաձայն` պահանջվում է միայն ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, իսկ ՄԱԿ-ի մանդատը պարտադիր չէ:
Թերևս, ճիշտ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը իր նորմատիվ իրավական հիմքի իրացման նախնական փուլում ուշադրությունը կենտրոնացներ իր պատասխանատվության գոտու սահմաններից դուրս ծավալվելիք խաղաղապահական գործունեության վրա` ՆԱՏՕ-ի օրինակով ամրապնդելով համագործակցությունը ՄԱԿ-ի հետ և նրա առաքելությունների համար տրամադրելով իր խաղաղապահ ուժերը: Այդպիսի համագործակցության համար կարող է հիմք ծառայել անցյալ տարի ստորագրված «ՄԱԿ-ի Խաղաղապահական գործողությունների դեպարտամենտի և ՀԱՊԿ-ի քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագիրը»[iv]: Ինչպես արդեն նշվեց, ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահական օպերացիաներին մասնակցությունը էապես կբարձրացներ ՀԱՊԿ-ի միջազգային անվտանգային հեղինակությունը[v]:
Կազմակերպական-գործնական տեսանկյունից քննարկման կարիք ունեն ՀԱՊԿ-ի մշտական խաղաղապահ հավաքական բրիգադում անդամ պետությունների ներկայացվածության աստիճանի, նրա վերջնական կառուցվածքի մշակման հարցերը` ներկայացված երկրների ռեսուրսային և մի շարք այլ առանձնահատկությունների հաշվառմամբ, ինչը կապված է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների մակարդակով լրացուցիչ խորհրդատվությունների անհրաժեշտության հետ:
Միևնույն ժամանակ կա խաղաղապահական առաքելություններին ՀԱՊԿ-ի մասնակցության մեկ այլ տարբերակ ևս: Ըստ համաձայնագրի 8-րդ հոդվածի` ՀԱՊԿ-ը կարող է հավաքական ռեզերվային համաձայնագրեր կնքել ՄԱԿ-ի հետ, իսկ այդպիսի համաձայնագիր ունեցող յուրաքանչյուր անդամ պետություն կարող է մասնակցել Կազմակերպության՝ ՄԱԿ-ի մանդատով կամ տարածաշրջանային կազմակերպությունների հովանու ներքո իրագործվող համատեղ խաղաղապահական գործողություններին նախապես այդ մասին Հավաքական անվտանգության խորհրդին տեղեկացնելուց հետո:
Այդ պրակտիկան լայնորեն կիրառվում է միջազգային հարաբերություններում: Օրինակ՝ ՆԱՏՕ-ն ակտիվորեն ներգրավված է աշխարհի տարբեր մայր ցամաքներում ՄԱԿ-ի մանդատով իրականացվող խաղաղապահական օպերացիաներում: Ըստ այդ պրակտիկայի` ՀԱՊԿ-ը նույնպես կարող է պատասխանատվություն ստանձնել խաղաղապահական օպերացիաներ իրականացնելու համար: Առանձին երկրներ իրավունք ունեն կնքելու շրջանակային համաձայնագրեր ՀԱՊԿ-ի հետ և խաղաղապահական օպերացիաներ իրականացնելու Կազմակերպության՝ տվյալ առաքելության համադասման համար լիազորված անդամ երկրներից մեկի հրամանատարության ներքո:
ՀԱՊԿ-ի շրջանակներում խաղաղապահության հաստատության զարգացման համար ոչ պակաս կարևոր խնդիր է նոր հարաբերությունների կառուցումը ՆԱՏՕ-ի հետ` մի բազմափորձ դերակատարի, որն իր հաստատուն առանցքային դերն ունի համաշխարհային անվտանգության համակարգում: Հյուսիսատլանտյան դաշինքի և ՀԱՊԿ-ի առանձին անդամ պետությունների ներգրավմամբ իրականացվող համատեղ խաղաղապահական օպերացիաները կարող են դառնալ այն ելակետային հարթակներից մեկը, որոնց վրա հնարավոր կլինի ստեղծել արգասաբեր համագործակցություն: Այս առումով նպատակահարմար կարող է լինել համատեղ խաղաղապահական գործունեության ծավալումն այն հակամարտային տարածաշրջաններում, որտեղ երկու կազմակերպությունների շահերը համընկնում են:
ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների կարգավորման առումով` ուշագրավ են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՀԱՊԿ-ի գործունեության ակտիվացման վերջերս նկատվող միտումները: ՀԱՊԿ-ում գերիշխում է այն տեսակետը, թե Աֆղանստանից դաշնադրային զորքերի դուրսբերումից հետո տարածաշրջանի երկրներում իրավիճակը կսրվի[vi], և կարող է սպառնալիքի տակ դրվել Կենտրոնական Ասիայի և ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ի անվտանգությունը: Դրանով պայմանավորված` 2011 թ. նոյեմբերի 17-ին ՀԱՊԿ-ի Խորհրդի նիստի ժամանակ համաձայնեցվեց Աֆղանստանից եկող հնարավոր մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ ՀԱՊԿ-ի Գործողությունների ծրագրի նախագիծը[vii]:
2011 թ. դեկտեմբերին ես` որպես աֆղանական պատերազմի մասնակից, զեկուցմամբ հանդես եկա ՀԱՊԿ-ի Գիտափորձաքննական խորհրդի՝ Աֆղանստանին նվիրված հատուկ նիստում, իսկ վերջերս հնարավորություն ունեցա Բիշքեքում մասնակցելու ՀԱՊԿ-ի Վերլուծական ասոցիացիայի կողմից այս արդիական պրոբլեմի քննարկմանը: Իմ կարծիքով՝ ուշադրության է արժանի խաղաղապահական համագործակցության խնդիրների նկատմամբ Հարվարդի համալսարանի Ազգային անվտանգության ծրագրի ամերիկացի փորձագետների ցուցաբերած հետաքրքրությունը: Հեռանկարային է դառնում դաշնադրային ուժերի դուրսբերումից հետո Աֆղանստանից եկող սպառնալիքների դեմ պայքարի խնդիրների վերաբերյալ երկխոսության առաջմղումը ոչ միայն «Ռուսաստան-ԱՄՆ», այլև «ԱՄՆ-ՀԱՊԿ», կամ «6+1», ձևաչափով, որը զուգաչափ է «ՆԱՏՕ-Ռուսաստան», կամ «28+1», ձևաչափով զուգահեռ գործընկերությանը: Դրան կարող է նպաստել համաշխարհային անվտանգության խնդիրների լուծումներ որոնման ասպարեզում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբամայի միջև երկխոսության վերականգնման ուրվագծվող միտումը:
Այս երկխոսությանն աջակցելու և միջազգային խաղաղապահության ոլորտում պետությունների ու կազմակերպությունների միջև համագործակցությանը նպաստելու տեսանկյունից իր ուրույն դերը կարող է ունենալ Հայաստանը, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և ԱՄՆ-ի գործընկերը, ինչպես նաև` ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամը և ՆԱՏՕ-ի գործընկերը, և որն ունի Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնադրային ուժերի և գործընկեր երկրների ուժերի կողմից իրականացվող խաղաղապահական օպերացիաներին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում զորավարժություններին մասնակցելու մեծ փորձ:
Հայաստանը 2004 թվականից ներգրավված է ՆԱՏՕ-ի ղեկավարած՝ Կոսովոյում խաղաղապահական ուժերում: 2005-2008 թթ. հայ խաղաղապահները օգտակար փորձ են կուտակել` մասնակցելով Իրաքում ԱՄՆ-ի ղեկավարած խաղաղապահական դաշնադրությանը: 2009 թվականից Հայաստանն իր լուման է ներդրում Աֆղանստանում անվտանգությանն աջակցության միջազգային ուժերի խաղաղապահական առաքելության մեջ:
Հայաստանի` որպես «խաղաղարար երկրի» հեղինակության վկայությունն է նաև Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող UNIFIL խաղաղապահական առաքելություն հրամանատար պետության՝ Իտալիայի կողմից վերջերս ներկայացված պաշտոնական դիմումը՝ հայկական ջոկատը առաքելության կազմում ընդգրկելու առաջարկությամբ. նա պետք է իրականացնի առաքելության կենտրոնակայանի անվտանգության ապահովման գործառույթներ: Ջոկատը Լիբանան ուղարկելու նախադրյալները վերջերս քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության Գլխավոր շտաբների պետերը[viii]: Դիտարկվում է նաև ՄԱԿ-ի մանդատով Հյուսիսային Աֆրիկայում իրականացվող խաղաղապահական առաքելությանը Հայաստանի Հանրապետության մասնակցության հնարավորությունը[ix]:
Այսպիսով՝ Հայաստանը կարող է իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի խաղաղապահական տարրի կազմավորման գործում` նպաստելով, որ նա դառնա ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային անվտանգության բազմագործառութային դերակատար:
Ամփոփելով՝ նպատակահարմար ենք համարում մեկ անգամ ևս շեշտել, որ կա կենսական անհրաժեշտություն, որպեսզի Կազմակերպության ռազմական բաղադրիչի կազմավորման ընթացքում ՀԱՊԿ-ի գործունեությունը դուրս գա զորավարժությունների շրջանակներից և հասնի միջազգային խաղաղարարական օպերացիաներում ակտիվ ներգրավվածության մակարդակի: