Ջոլիի նախաձեռնությամբ ՄԱԿ-ում նոր բանաձեւ է ընդունվել
Հորդանանում փախստականների ճամբարից վերադառնալուց հետո դերասանուհի եւ ՄԱԿ-ի աշխատակցուհի Անջելինա Ջոլին շտապել է կիսվել իր տպավորություններով եւ միջազգային հանրությանն ակտիվ գործելու կոչեր անել: Դերասանուհին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի նիստին` կոչ անելով պայքարել ռազմական հակամարտությունների տարածքում տեղի ունեցող սեռական հանցագործությունների դեմ:
Անպատժելիությունը` նույնիսկ փոքրիկ աղջիկների նկատմամբ կատարված հանցագործությունների պարագայում, Ջոլին “ամոթալի իրականություն” է անվանել:
Նա շոկային փաստեր է ներկայացրել ռազմական գործողությունների տարածքներից, որտեղ տղաները սեռական բռնություն են գործադրում նույնիսկ իրենց մայրերի եւ քույրերի նկատմամբ: Նա պատմել է Կոնգոյում բնակվող մի կնոջ պատմություն, որի 5 տարեկան աղջկան բռնաբարել են հենց ոստիկանական բաժանմունքի մոտ:
Այսպիսի պատմություններ դերասանուհին լսում է 3-րդ աշխարհի երկրներ իր այցերի ժամանակ: Աստղը Խորհրդի անդամներին կոչ է արել քայլեր ձեռնարկել հանցագործներին պատժելու համար եւ նրա կոչը լսելի է դարձել բոլորին:
Խորհրդի նիստի արդյունքում բանաձեւ է ընդունվել, որը դատապարտում է սեռական բռնությունը ռազմական հակամարտությունների տարածքներում եւ կոչ է անում դադարեցնել անպատժելիությունը: