Ստամբուլում գտնվող հայկական «Քամփ Արմեն» ճամբարը կդառնա երիտասարդության կենտրոն
Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի «Քամփ Արմեն» ճամբարի վերականգնման ճարտարապետական նախագիծը պատրաստ է:
Թուրքական «Sondakika-24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ ճամբարը համայնքին կծառայի որպես երիտասարդության և տեխնոլոգիաների կենտրոն՝ միաժամանակ մնալով որբանոց:
Գեդիկփաշայի հայակական բողոքական եկեղեցու և դպրոցի հիմնադրամի նախագահ Գրիգոր Աղաբելօղլուն հայտնել է, որ աշխատանքները կսկսեն, երբ Թուզլայի թաղապետարանը հրաժարվի ճամբարի բարեկարգման նախագծի վրա գրված «վարչական տարածք» արտահայտությունից:
«Այդ դեպքում կկարողանանք սկսել ծրագրի աշխատանքները: Դա մեզ համար մեծ ուրախություն կլինի: Ցանկանում ենք, որ իրավասու մարմինները րոպե առաջ խնդրով զբաղվեն: Քաղաքապետարանից ուրախ լուր ենք սպասում»:
Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: 8.552քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961թ. գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Այնտեղ են մեծացել Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքից:
2015 թվականին ճամբարի սեփականատերը որոշել էր քանդել այն, սակայն հայ համայնքի երիտասարդների երկարատև պայքարից հետո ճամբարը վերադարձվեց իրավատիրոջը՝ Գեդիկփաշայի հայակական բողոքական եկեղեցու հիմնադրամին: