Տնօրենը լրագրողներին առաջարկեց պղինձ տանել` տոննան 40 հազար դոլար. կադրեր ստորգետնյա հանքից /ֆոտո, վիդեո/
“Դինո Գոլդ Մայնինգ Քոմփնի” ընկերությունում աշխատանքային պայմանները լավ չեն, աշխատակիցների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառվում, աշխատավարձ չեն վճարում, փրկարարներ չկան՝ արտակարգ պատահարների դեպքում:
Նման տեղեկություններ վերջերս շատ է տարածվում: Ընկերության տնօրինությունը հրավիրել էր լրագրողներին՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը նախ զարմացավ, որ ընդամենը երկու լրատվամիջոց էր ցանկություն հայտնել մայրաքաղաքից այցելել ձեռնարկություն: Տեղում մեզ միացան տեղական լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ինչեւէ, հանք մտնելուց առաջ հրահանգավորում լրագրողներին, որպեսզի արտակարգ պատահարների դեպքում կողմնորոշվեն, հատուկ համազգեստի կրում, որից հետո բացօթյա մեքենայով դեպի հանք: Աշխատակիցները աշխատում էին նորագույն տեխնիկայով, հանքի օդափոխիչները աշխատում էին:
Երկու ապաստարան, որոնք նախատեսված են 32 անձի համար` ապահովված սնունդով, ջրով, թթվածնի տարաներով: Մասնագետի խոսքով` ապաստարանը եզակի է ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ Անդրկովկասում:
Ի դեպ, Henaran.am-ը արդեն անդրադարձել է այստեղ գործող բիոզուգարաններին:
Էլեկտրաշոկ չկա ու չի եղել. մեկ անգամ եւս շեշտեց տնօրենը: Վերջինս չի զարմանում, մեծ ընտանիք են: “1200 աշխատող կա: Հիմա մեկ ընտանիքում չի լինում, որ բոլոր անդամները համաձայն լինեն ինչ-որ բանի շուրջ. այստեղ եւս այդպես հնարավոր է, եւ գուցե մեկին պետք էր նման բան տարածել”,-եզրակացրեց տնօրենը:
Henaran.am-ի այն դիտարկմանը, թե գողության համար աշխատակիցներ են հեռացվել, ու հանքում գողանալու ոչինչ չկա՝ Հ. Ջաբրայանը ասաց. “Գողանում են հանքի սարքավորումների քսայուղերը, նույնիսկ բոլտերը ”: Իսկ արդեն ընկերության պահեստում ցույց տալով պղնձի պարկերը՝ տնօրենը կատակեց. “Վերցրեք ինչքան կարող եք, ձեզ չենք բռնի, մեկ պարկի մեջ երկու տոննա է, տոննան 40 հազար դոլար արժե”:
“Աշխատակիցների հետ այցելություններ ենք կատարում Հայաստանի տարբեր վայրեր: Յուրքանաչյուր աշխատակցի երեխա ծնվելիս 100 հազար դրամ օգնություն է տրվում, զույգ ծնվելու դեպքում` 500 հազար դրամ: Եթե աշխատողը դիմում է ինչ-որ հարցով, ներածին չափով աջակցություն է լինում”,-ասաց Հրաչ Ջաբրայանը` հավելելով, որ աշխատավարձերի վերջին վերանայումները եղել են 2011թ.-ի դեկտեմբերի եւ 2012թ.-ի հունվար ամիսներին”,-ասաց Ջաբրայանը:
Լրագրողների այցը ստորգետնյա հանք՝ տեսանյութում: