Վարչապետի հումորը. լավ լուրեր Սանահինից /ֆոտո, վիդեո/
Սանահինի վանական համալիրի մոմավաճառ տիկին Մարիամը ամեն օր պարտաճանաչ աշխատանքի է գալիս: Գործող եկեղեցի չէ, բայց նրա խոսքով, ամեն օր շատ մարդիկ են այցելում վանական համալիր: Հունիսի 19-ին էլ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր Սանահինում: Նա եւս մոմ վառեց եւ աղոթեց:
Մինչ այդ վարչապետը ծանոթացավ համալիրում կատարված ամրակայման աշխատանքներին: Միջոցները հատկացվել է պետբյուջեից, իսկ աշխատանքներն ավարտվելու են 2016թ.-ին:
Հուշարձանի վերականգնման աշխատանքների իրականացման համար 2012թ.-ի պետբյուջեով հատկացվել է 18 մլն դրամ:
Ծրագրով մասնակի վերականգնվել է համալիրի Ս. Աստվածածին եկեղեցին, հեռացվել է պատերի բուսածածկը, քանդմամբ-վերաշարմամբ կամ նոր քարով փոխարիման ամրակայվել եւ վերականգնման համար հատկացվել է 22.5 մլն դրամ, որը նախատեսվում է ծախսել Ս. Աստվածածին եկեղեցու նախագավթի եւ Մագիստրոսի ճեմարանի մասնակի վերականգնման եւ ամրակայման աշխատանքների իրականացման համար: Շինաշխատանքներն իրականացնում է “ԱՀԱՆԱ” ՍՊԸ-ն:
Ճարտարապետ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով, իտալացի եւ գերմանացի մասնագետներն են ուսումնասիրել հուշարձանախմբերը եւ ընդհանուր եզրակացությամբ կառույցները կայուն են:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փորձում էր որքան հնարավոր է սպառիչ պատասխանել վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցերին: Նախարարին երբեմն օգնության էին հասնում փոխնախարար Արեւ Սամուելյանը եւ ճարտարապետ Աշոտ Հովհաննիսյանը:
Տ.Սարգսյանը փորձեց պարզել, թե ինչ է արվում բուսականությունից համալիրրի որոշ հուշարձաններ փրկելու ուղղությամբ, քանի որ “վիզուալ” դա այդքան էլ դրական տպավորություն չի թողնում:
Պատասխանատուները ասացին, որ կաուչուկային հեղուկով մշակվում են ճաքերն ու այն հատվածները, որտեղ ծառ ու խոտեր են աճում` գմբեթներին ու եկեղեցիների պատերին: Տիգրան Սարգսյանը նույնիսկ հետաքրքվեց համալիրի պատերին արված տարբեր տիպի գրառումներով: Վարչապետը նույնիսկ կատակեց մշակույթի փոխնախարարի հետ` “Արեւիկ, կարող ես գրել՝ այստեղ եղել է Արեւիկը”: