Թուրքիայում ձերբակալել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» փոխնախագահին
Այսօր գիշերը Անկարայում ձերբակալվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) փոխնախագահ Այսել Թուղլուքը:
Ըստ թուրքական «NTV»-հեռուստաալիքի կայքի` Թուղլուքը ձերբակալվել է Դիարբեքիր հանրապետական դատախազության կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում: Թուղլուքը իրավապահների կողմից տեղափոխվել է Դիարբեքիր: Նշվում է, որ նույն հետաքննության շրջանակներում ևս 5 հոգի ձերբակալվել է Դիարբեքիրում:
Թուղլուքը 2007-2011 և 2011-2015 թվականների եղել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր:
Հիշեցնեք, որ նոյեմբերի 4-ին ձերբակալված քրդամետ կուսակցության անդամ 12 պատգամավորներից 9-ի, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ին կալանավորման որոշում էր կայացվել: Նոյեմբերի 11-ին էլ կալանավորվել էր Հաքքարիից ընտրված պատգամավոր Նիհաթ Աքդողանը: