Այս տեմպերով որ գնա… Վերահսկիչ պալատն արձանագրել է
Այսօր Ազգային ժողովում կառավարության գործունեության վերաբերյալ իր հաշվետվությունը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Նախ և առաջ նա նշեց էկոնոմիկայի նախարարության ՛՛բացերը՛՛: Ըստ Զաքարյանի՝ տարբեր մարդիկ գալիս են վարկեր վերցնում, որպեսզի օրինակ՝ ձկնաբուծական կազմակերպություն բացեն: ՛՛Բայց մենք գնում, պարզում ենք, որ ոչ ձնկաբուծական տնտեսություն կա, ոչ աշխատողներ կան: Արդյունքում մեկն իրա համար տուն էր գրել և վերջ՛՛:
Եվս մեկ խնդիր է Գյումրու տեխնոպարկի հարցը, որը Իշխան Զաքարյանին զավեշտ է թվում: Նա նշեց, որ կառավարության կողմից 2008 թվականին հաստավել է Գյումրին տեխնոքաղաքի վերածելու մասին հայեցակարգը:
Ըստ դրա՝ Գյումրիում պետք է զարգանային ՏՏ ոլորտը, ճարտարագիտությունը, զբոսաշրջությունը, նորաձևությունը, ոսկեգործությունն ու արհեստագործությունը: Կազմվել է բիզնես պլան, ըստ որի` ծախսը կազմելու էր մոտ 42-50 միլիոն դոլար: Սակայն Վերահսկիչ պալատն արձանագրել է, որ մինչ այժմ ստեղծվել է ընդամենը հինգ ընկերություն և ծախսվել է 200 հազար դոլար:
՛՛Այս տեմպերով երկու հարյուր տարի է անհրաժեշտ ծրագիրն իրականացնելու համար՛՛,-նշեց ՎՊ նախագահը :