Ամեն ինչը Մուրադից պետք ա դուրս գա … պատգամավորն ահազանգում է` Արարատի մարզում դիզվառելիքը տեղ չի հասել
Նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները երբեմն թեժ երանգներ են ստանում: Այսօր` հունիսի 4-ին պատգամավոր Մուրադ Մուրադյանը Ազգային ժողովում գյուղատնտեսության նախարարության բյուջեի կատարողականի քննարկմանը հետաքրքրվեց` տեղյա՞կ են որ հատկացված դիզվառելիքը նախատեսված չափով չի հասնում գյուղացուն, մասնավորապես պատգամավորը մատնանշեց Արարատի մարզը։
“Ձեր ֆունկցիան ո՞րն ա, միայն հատկացնե՞լը, թե՞ նաեւ հետաքրքվել` հասնում է նպատակին, թե ոչ։ Այսինքն՝ վերահսկե՞լ եք` ամեն ինչ հասե՞լ է տեղ”,-հարցրեց պատգամավորը։
Հայաստանի գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ասաց, որ ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունն այս պահին իրականացնում է ստուգումներ, եւ ավարտից հետո պարզ կլինի: Ջանջուղազյանը զարմացավ, որ պատգամավորը նման տեղեկություն ունեցել է, բայց ժամանակին չի ասել:
“Եթե դուք գիտեք, որ 100 դրամից մեկ դրամ է հասնում, դա ձեր մեղքն էլ է, որ տեղյակ չեք պահում”,-ասաց գլխավոր գանձապետը:
Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ երեւի պատագամավորը տեղեկացված է, որ ստուգումներ են ընթանում եւ որեւէ հետեւություն չի կարելի անել: Միաժամանակ նախարարը ափսոսանք հայտնեց, որ ժամանակին համապատասխան մարմիններին տեղյակ չի պահվում:
“Պարոն նախարար, բոլորը կարծեմ այդ յուրացումներից տեղյակ են: Մարդիկ այնքան մեծ-մեծ են խոսում, որ ասում են`մեր դեմ խաղ չկա, եթե փակագծերը բացենք…”,-ասաց Մուրադ Մուրադյանը: Նախարարը հստակեցրեց, որ ինքը այլ բան չի ասել, պարզապես պետք էր պատկան մարմիններին տեղյակ պահել:
“Էս դահլիճում ծիծաղելի կլինի, եթե քանի հազար տոննա տարողությամբ գնում է ու ոչ մեկ չի կարողանում իմանա հա՞, պետք է Մուրադ Մուրադյանից ամեն ինչը դուրս գա՞: Մուրադ Մուրադյանը պետք է նախօրոք ասեր, հա՞: Մուրադ Մուրադյանը ուժային կառույց ա, ինչ ա”,-արձագանքեց պատգամավորը: