Սյունիքի փոխմարզպետը` իր մարզպետ նշանակվելու մասին
”Ոնց կարող է տենց բան լինի, եթե ես աշխատանքի եմ, և աշխատանքի գնացել եմ իմ ժամին, ինչի մասին է խոսքը”,-Henaran.am-ի զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը` մեկնաբանելով լուրերը, թե ինքն այսօր աշխատանքի չի գնացել: Փախմարզպետին բավական ուրախացրեց այս լուրը, և նա նախ մի քանի վայրկյան ծիծաղեց, ապա պատասխանեց մեր հարցին:
Նրանից հետաքրքրվեցինք, թե արդյո”ք մարզպետ Սուրեն Խաչատրյանը ևս աշխատանքի գնացել է, սակայն նա չցանկացավ պատասխանել` ասելով.
”Ես հիմա պիտի Սուրիկ Խաչատրյանի փոխարեն էլ ձեզ ինֆորմացիա տամ”:
Ինչ վերաբերում է կատարված դեպքին, ապա փոխմարզպետը նշեց, որ ինքը դատապարտում է, որ քաղաքացու տան վրա հարձակում է կատարվել:
”Իհարկե հանցագործություն է, որ մարդու, քաղաքացու օջախի վրա կատարվում է հարձակում, դա ոչ թե հանցագործություն է, այլ նողկալի հանցագործություն է”,-ասաց նա:
Նշենք, որ լուրեր են շրջանառվում, որ Սուրեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Փոխմարզպետն այս մասին տեղյակ չէ, սակայն չի ցանկանում, որ մարզպետը հրաժարական տա:
”Ես չգիտեմ, ես տեղյակ լինեմ, թե տեղյակ չլինեմ, դա մարզպետի գործն է, ուղղակի ես ուրախ կլինեի, որ չտար հրաժարական, քանի որ մեր մարզում շատ անավարտ գործեր կան, որ մարզպետը պիտի այդ գործերն ավարտի”: Մեր դիտարկմանը, որ այլ մարզպետ դա չի կարող անել` արձագանքեց, որ ինքը որպես մարդ, ով եղել է Խաչատրյանի տեղակալը, ցանկանում է այդ գործերը նրա հետ ավարտել:
Նա հնարավոր է համարում, որ մարզպետի հրաժարականի դեպքում ինքն էլ դիմում ներկայացնի:
Իսկ արդյո՞ք կցանկանա ինքը մարզպետ դառնալ, Գրիգորյանն ասաց. ”Դե ես մարզպետի դերում այնքան չէի ուզում տեսնել ինձ, քանի որ պատրաստ չէի, բայց եթե ունենք ընդհանուր գործ, կապ չունի` դու մարզպետն ես, թե տեղակալն ես, ունենք գործ, մարզի զարգացման ծրագիր, պետք է իրականացնել այդ ծրագիրը”:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, կեսգիշերն անց Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակոցներ են հնչել: Մարզպետի տան բակում սպանվել է “Վարարակն” ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածք է ստացել: