Անձերին գերագնահատել պետք չէ․ Շ․ Քոչարյան
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հրաժարականին։ Նա նշեց, որ Ուորլիքի ժամկետը լրացել էր, և այդ իսկ պատճառով նրան փոխել են։
Խոսելով նրանից, թե ինչպես կանդրադառնա ամերիկացի համանախագահի փոփոխությունը հակամարտության կարգավորման վրա, Քոչարյանը խորհուրդ տվեց չգերագնահատել այն անձանց, ում եռանախագահող պետությունները նշանակում են որպես ներկայացուցիչ:
«Բնական է, որ պետությունն ունի իր պետական քաղաքականությունը, անձերն էլ ունեն իրենց թեթևակի դերակատարումը: Այո, նրանք ունեն որոշակի դերակատարում, բայց շատ թեթև»,- ասաց նա՝ նշելով, որ համանախագահի անձի փոփոխությունը չի նշանակում, որ նոր համանախագահը գալու է ու զրոյից սկսի առաջարկների նոր փաթեթ ներկայացնել:
Շավարշ Քոչարյանն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում այդ երկրի քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ կլինեն, թե ոչ։ Նա նշեց, որ փոփոխություններ, հնարավոր է, լինեն, սակայն հավանական չի կտրուկ քայլերն ու շրջադարձը:
«Երբ նոր նախագահ է գալիս, արդեն կան կայացած ինստիտուտներ, փորձագիտական խմբեր, քաղաքականություն: Այս տեսակետից չափազանց կտրուկ քայլերը այնքան էլ հավանական չեն»,- ասաց նա: