ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը հարցականի տակ կդնի Մերկելի ապագան
Վերջերս EurActiv.com-ին գերմանացի դիվանագետները հաղորդել են, որ Գերմանիան քննարկում է Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Հալեպում հիվանադանոցների և քաղաքացիների ռմբակոծման պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը:
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Ռալֆ Շտեգները, քննադատելով Մերկելի կուսակցության վարած քաղաքականությունը, հայտարարել է, որ Ռուսաստանի հետ առճակատումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Շտեգները շատ ընդդիմադիրների նման արտահայտվել է հօգուտ միջազգային լարվածությունը թուլացնելուն: Վերջինիս խոսքերով, պատժամիջոցները չեն կարող կարգավորել Ղրիմի հարցը, միաժամանակ պետք է այդ թեմայով Մոսկվայի հետ ընդհանուր հայտարարի գալ:
Պատժամիջոցների հետևանքով Գերմանիայի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2013թ. գրանցված 105 մլրդ եվրոյից բավականին կրճատվեց ՝ 2015թ. կազմելով ընդամենը 52 մլրդ եվրո:
Գերմանիայի արևելյան հատվածում, որը սերտ տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ և բավականաչափ տուժել է արտահանման կրճատման հետևանքով, վճռականորեն դեմ են հանդես գալիս պատժամիջոցների պահպանմանը: Այսպես, Սաքսոնիայի վարչապետ Ստանիսլավ Տիլլիխը կոչ է արել որքան հնարավոր է շուտ վերջ դնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին: Նմանատիպ կոչով է հանդես եկել նաև Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա շրջանի վարչապետ Էրվին Զելլեռինգը: Զելլեռինգի խոսքերով, Գերմանիան և Ռուսաստանն ունեն ընդհանուր շահեր սերտ համագործակցություն ծավալելու համար: Քաղաքական գործիչները նշել են, որ ՌԴ-ի հետ բանակցությունների վերականգնումը պատժամիջոցներից շատ ավելի նախընտրելի է:
Անգելա Մերկելն «անձամբ է խոստովանել», որ գերմանացի ձեռներեցներին ավելի շահեկան է Ռուսաստանի հետ համագործակցության ծավալումը: Կանցլերը, քննադատելով գերմանացի ձեռներեցների՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի շուրջ բանակցություններ վարելու դժկամությունը, մեղադրել է նրանց հակաամերիկանիզմի մեջ: «Եթե խոսքը գնար Ռուսաստանի հետ նմանատիպ գործարքի մասին, ապա մենք եղած դժգոհությունների կեսն էլ չէինք լսի»,-հայտարարել է Մերկելը:
Ռուսաստանի դեմ կոշտ քաղաքականություն վարելու դեմ հանդես են գալիս անգամ Մերկելի կուսակցության անդամները: Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության այնպիսի առանցքային դերակատարներն, ինչպիսիք են ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Գերմանիայի տնտեսական զարգացման նախարար Զիգմար Գաբրիելն, արտահայտվել են ոչ միայն Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու դեմ, այլև հների աստիճանական չեղարկման:
Ակնհայտ է, որ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը այնքանն էլ իրատեսական չէ, քանզի այդ ամենից կտուժի ոչ միայն Ռուսաստանը, այլ Գերմանիան, իսկ կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշը օրեցօր ավելի կնվազի:
Անի Գասպարյան