Հունաստանը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՆԱՏՕ
Հունաստանի արտգործնախարարությունն ու զինված ուժերի գլխավոր շտաբը Թուրքիայի դեմ իրենց բողոքն են ներկայացրել ՆԱՏՕ-ին։ Թուրքական «OdaTv» լրատվակայքի համաձայն՝ Հունաստանն իր դժգոհությունն է արտահայտել վերջին ամսվա ընթացքում թուրքական նավատորմի սուզանավերի՝ հունական տարածքում գտնվելու առթիվ։
Հունական կողմը մասնավորապես նշել է, որ թուրքական սուզանավերը չափից շատ են մոտեցել Էգեյան ծովում գտնվող և Հունաստանին պատկանող Լեմնոս, Սամոթրակիա, Հիոս, Լեսբոս, Հռոդոս, Կարպատոս, Կաստելորիզո կղզիներին և Կրետեի հյուսիսային ափերին:
Աղբյուրի համաձայն՝ հույն պաշտոնյաները նշյալ տարածքներ են բերել 6 նավ և ռազմական օդանավեր: Սակայն հունական տարածք ներխուժած թուրքական սուզանավերը չեն հետապնդվել ու հեռացվել տարածաշրջանից:
Հունաստանի ներկայացրած բողոքի մեջ ուշադրություն է հրավիրվել նաև հետևյալ հանգամանքին: Թուրքական սուզանավերի այս ակտիվությունը գրանցվել է նախագահ Էրդողանի և այլ թուրք պաշտոնյաների կողմից Էգեյան ծովի կղզիների և Լոզանի պայմանագրի մասին հայտարարություններից հետո:
Հունաստանը մտահոգություն է հայտնել, որ թուրքական կողմի այս քայլը կարող է տարածաշրջանում լարվածության մեծացման և անկայունության պատճառ հանդիսանալ:
Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր 1923թ. հուլիսի 24-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում կնքված հաշտության պայմանագիրը: Էրդողանը մասնավորապես նշել էր, որ այդ պայմանագիրը թուրքական կողմին հրամցվել է որպես հաղթանակ, մինչդեռ հենց Լոզանի պայմանագրի շրջանակներում Թուրքիան ստիպված է եղել հրաժարվել Էգեյան ծովի կղզիներից: