Իտալիայում երկրաշարժի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել. /ֆոտո/
Իտալիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և հետցնցումների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել են երկրի իշխանությունները, գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իտալական RAI հեռուստաալիքին:
«Չորս մարդ հայտնվել է փլատակների տակ, բայց նրանք կյանքի նշաններ ցույց չեն տալիս՝ 2 ծնող և 2 երեխա»,- հայտնել է Ակումոլի քաղաքի քաղաքապետ Ստեֆանո Պետրուչին:
Ավելի վաղ հայտնի է դարձել երկու զոհի մասին Արկուատա դել Տրոնտո իտալական քաղաքում:
Երկրաշարժերի պատճառով Facebook սոցիալական ցանցն Իտալիայում ակտիվացրել է Safety Check գործառույթը:
Իտալական Ամատրիչե քաղաքի քաղաքապետ Սերջիո Պիրոցին էլ RaiNews24 հեռուստաալիքի եթերում պատմել է երկրաշարժի հետևանքների մասին՝ նշելով, որ «քաղաքի կեսն արդեն չկա»:
«Քաղաքի կեսն արդեն չկա: Մարդիկ թակարդվել են փլատակների տակ»,- ասել է Պիրոցին՝ հավելելով, որ քաղաքի մուտքերն արգելափակված են, և մարդկանց ազատելու համար օգնություն խնդրելով:
Հիշեցնենք, որ Իտալիայի կենտրոնական հատվածում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 01.36-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լ՛Ակուիլ քաղաքից 48կմ դեպի հյուսիս: Ցնցումների օջախը գտնվել է 10կմ խորության վրա: