Մոսկվայում հայի եւ ղրղզի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է
Մոսկվայի հարավ-արեւելքում երկու մարդու` հայի եւ ղրղզի դաժան սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է: Պարզվել է, որ դա Մոսկվայի 30-ամյա բնակիչ Իվան Սկորկինն է, հայտնում է ՌԴ ՔԿ-ի Մոսկվայի գծով Գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությունը:
«30-ամյա Իվան Սկորկինը 2016 թվականի օգոստոսի 12-ին, ալկոհոլային ուժեղ արբեցման վիճակում, գտնվել է Մոսկվայի մետրոյի «Ռյազանյան պողոտա» կայարանի մոտ եւ բազմաթիվ ծակող-կտրող վնասվածքներ է հասցրել երկու տղամարդու` 1947 եւ 1980 թվականներին ծնված: Տուժածներից մեկը մահացել է դեպքի վայրում, մյուսը մահացել է շտապօգնության մեքենայում», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կասկածյալը վնասվածք է հասցրել եւս մեկ տղամարդու` 1981 թվականին ծնված: Տուժածը հիվանդանոց է տեղափոխվել: «Նախնական տվյալների համաձայն, Սկորկինը նրան ծակող-կտրող վնասվածք է հասցրել աջ ձեռքի հատվածում` իր հակաօրինական գործողությունները դադարեցնելու փորձի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել: Ներկայումս որոշվում է նրա համար կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին սպանդ էր տեղի ունեցել մետրոյի «Ռյազանյան պողոտա» կայարանում: Հարձակվողը մահացու դանակային վնասվածքներ է հասցրել երկու տղամարդու` Հայաստանից 69-ամյա Լյովա Քամալյանին եւ Ղրղզստանից 36-ամյա Նուրիկ Մունդուզովին, եւս մեկը` 29-ամյա Ալեքսանդրը աջ թեւի վնասվածք է ստացել: «Մոսկովսկի կոմսոմոլեցը» նշում է, որ հարձակումն իրականացվել է հարբած սքինհեդների կողմից` ազգային անհանդուրժողականության հողի վրա: