Պատժամիջոցներ. Դիվանագիտական գործիք, թե՞ պատերազմի այլընտրանք
Վերջին ժամանակներում միջազգային հարաբերություներում ականատես ենք լինում բազմաթիվ պետությունների կողմից մեկ այլ պետության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ու դրա հետևանքով երկու պետություններում տեղի ունեցող իրարանցումներին:
Պատժամիջոցների կիրառումը հաճախ դիտարկվում է որպես պատերազմի այլընտրանք: Պատժելով մի երկրին տնտեսական, սոցիալական կամ քաղաքական առումով նշանակում է, որ տվյալ երկիրը փորձում է խուսափել պատերազմից և նման կերպ խնդիրը լուծել: Ավելին, պատժամիջոցների կիրառումը երբեմն արդյունավետ է և ընդհանուր առմամբ շատ է օգտագործվում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատժամիջոցների կիրառման դեպքերի միայն 30 տոկոսն է հասնում ցանկալի արդյունքի:
Պատժամիջոցները գործիք են, որոնք օգտագործվում են պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից համոզելու մեկ այլ պետության փոխել իր քաղաքականությունը՝ սահմանափակումներ կիրառելով առևտրի, ներդրումների և այլ ոլորտներում: Օրինակ պատժամիջոցներ կարելի է կիրառել այն պետության նկատմամբ, որը զարգացնում է զանգվածային ոչնչացման զենքեր, ոտնահարում է մարդու իրավուքնները:
Տնտեսական պատժամիջոցների կիրառումը նշանակում է թիրախը մեկուսացնել: Այն կարող է իր մեջ ներառել առևտրային էմբարգո, ակտիվների սառեցում, տեխնոլոգիայի փոխանցման արգելում կամ ճամփորդական սահմանափակում: Օրինակ ԱՄՆ կառավարությունը նման պատժամիջոցներ կիրառեց Կուբայի, Հյուսիսային Կորեայի և Իրանի նկատմամբ:
Ռազմական հակամարտությունները ծախսատար են՝ անհարժեշտ է ռեսուրսներ, ավելին՝ մարդկային կյանքեր է խլում: Իսկ պատժամիջոցներ կիրառելով նման խնդիրների առջև տվյալ պետությունը չի կանգնում: Դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում օգնության է հասնում պատժամիջոցների կիրառումը:
Հաճախ միայն պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ հայտարարությունը բավական է թիրախավորված պետության վարքագիծը փոխելու համար:
Պատժամիջոցները միջազգային առճակատման շրջանակներում համարվում են սպառնալիքի ֆավորիտ տեսակ:
Չնայած այն հանգամանքին, որ համաշխարհային տնտեսության զարգացման ֆոնին պատժամիջոցները գնալով ավելի քիչ արդյունավետ են դառնում, դրանց կիրառումը շարունակվում են միջազգային հարաբերություններում, քանի որ պատժամիջոցները դիվանագիտական հաղորդակցման և ռազմական միջամտության միջև ընկած հատվածում համարվում են միջազգային միջանկյալ մակարդակի ճնշում:
Հրաչուհի Հայրապետյան