Փաշինյանի և ևս 1-2 տասնյակ մարդու մասով ամեն ինչ պարզ է` նրանք վաղուց հատել են անդառնալիության կետը․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաշինյանի և ևս 1-2 տասնյակ մարդու մասով ամեն ինչ պարզ է` նրանք վաղուց հատել են անդառնալիության կետը:
Իսկ ի՞նչ են մտածում այն մարդիկ, ովքեր իշխանության ներսում են և նեղ շրջանակում բողոքում են Նիկոլից կամ իրենք իրենց մեջ կռիվ են տալիս դիսկոմֆորտ իրավիճակների և սեփական արժանապատվությունը խոցող հրամանների կատարումից: Ավելին, այդ նույն մարդիկ ստիպված են կարգալույծ եղածի կեղծ պատարագին ներկայանալ, հակաեկեղեցական կեցվածք ընդունել և ուրանալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Փաշինյանը պատահական չէ այդպես վարվում. նա իր ցանկացած քայլի պատասխանատվությունը` ամենաողբերգականից մինչև ստորացուցիչ, բաշխում է թիմակիցների, ուժայինների և իր հետ որևէ ձևով առնչվող անձանց վրա, որպեսզի վաղը որևէ մեկը չասի, թե ես այն ժամանակ դեմ եմ եղել կամ այսինչ քայլը սխալ էի համարում:
Իշխանության ներսում շատերը մտել են մի խաղի մեջ, որից առանց կորուստների դուրս գալու ելքերը տեսանելի չեն: Դիրքը, պաշտոնը, փողը հավերժ չեն, իսկ պատասխանատվությունը` անկախ կամքից, ցանկությունից կամ գիտակցումից, միշտ ուղեկցելու են իրենց»:











































