Աստծո խոսքը` զուգարանի թղթի վրա
Ֆիննական մի ընկերություն պատահմամբ զուգարանի թուղթ է արտադրել` աստվածաշնչյան մեջբերումներով: Նորվեգիայում, Շվեդիայում եւ Դանիայում վաճառված “Lambi” զուգարանի թղթի վրա են հայտնվել տողեր Մատթեոսի Ավետարանից: Մեջբերվել են Հիսուսի խոսքերը Լեռան քարոզից` “Որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի”:
Թուղթն արտադրող “Metsa Tissue” ընկերությունը բացատրել է, որ իրենք մտադիր են եղել թղթի վրա սիրո մասին տողեր տպել, իսկ տվյալ մեջբերումները նրանց հուշել են “Facebook” սոցցանցի օգտատերերը: Այն մասին, որ թղթի վրա աստվածաշնչյան տողեր են տպվել, ղեկավարությունն իբր թե իմացել է արտադրելուց հետո, երբ իրենց ապրանքատեսակից օգտվող որոշ մարդիկ վրդովմունք են արտահայտել:
Այդ կապակցությամբ վրդովմունք է արտահայտել նաեւ եպիսկոպոսը, ով նշել է, որ աստվածաշնչյան բառերի տեղը զուգարանի թղթի վրա չէ եւ որ դա վատ ճաշակի եւ հարգանքի բացակայության նշան է: Ի պատասխան ընկերության ներակայացուցիչն արդարացել է, թե մարդկանց ուրախացնում է զուգարանում հաճելի բաներ կարդալը, եւ իրենց նպատակը բնավ քարոզչությունը չի եղել:
Ընկերությունը բացի զուգարանի թղթից նաեւ անձեռոցիկներ է արտադրում: Թղթի մակերեսն օգտագործվում է տարբեր տեքստեր տեղադրելու նպատակով: Երբեմն այն հաջողված գովազդ է դառնում: