Արմինեն առաջին տիկինը չէ, նա իմ առաջին ու վերջին տիկինն է …
՛՛Վանաձորն իր պատասխանը տվեց արժանապատվության, իրավունքի, զավոդի, աշխատատեղի վերաբացման, վերադարձի ճանապարհը բռնեց, ես շնորհավորում եմ ձեր ու մեր բոլորի հաղթանակը՛՛,–այսօր` փետրվարի 23-ին Վանաձորում ասաց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ “այսուհետ չեն լինելու կուսակցական դրոշներ, վերացվելու է արտագաղթը։ ՛՛
Հովհաննիսյանը նախապես ներողություն խնդրեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից՝ ասելով. ՛՛Ներողություն եմ խնդրում, եթե սխալ եմ, որովհետև հաճախ լրատվությունը սխալ է լինում, սակայն եթե ձեր քաղաքապետն իսկապես ասել է, որ դուք անգիտակից եք, ուրեմն նա անելիք չունի Հայաստանի Հանրապետությունում՛՛։ Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետը անգիտակից էր անվանել վանաձորցիներին, իսկ այսօր ՀՀԿ-ն հայտարարեց, որ գործադիր մարմնի նիստում քննարկելու է նրա հարցը:
Հովհաննիսյանը վանաձորցիներին փոխանցեց իր կնոջ՝ տիկին Արմենուհու խոսքերը։ ՛՛Արմենուհին չեկավ, բայց խնդրեց փոխանցել, որ մենք այստեղ սիրով ենք գալիս։ Արմինեն առաջին տիկինը չէ, նա իմ առաջին ու վերջին տիկինն է, իմ վերին իշխանությունն է՛՛։
Վանաձորից Հովհաննիսյանը մեկնեց Գյումրի, որտեղ ողջունելով հավաքվածներին՝ նշեց, որ Գյումրին հաղթանակ տարավ նախա-ինգահական ընտրություններում։ ՛՛Դուք այլևս չեք ունենալու աղետի գոտի, միասին աշխատանք ենք ստեղծելու՛՛,–նկատեց նա։
Շարունակելով` “Ժառանգության՛՛ ղեկավարը նշեց. ՛՛Մենք ընդդիմադիր ենք, մենք մերժել ենք այս իշխանությունը, բայց այնքան դուխ ու թասիբ ունենք, որ առաջին, երկրորդ ու երրորդ նախագահներին ասում ենք` շնորհակալություն՛՛։ Հովհաննիսյանը հայտարարեց, որ վաղը իրենք ՛՛Ազատության՛՛ հրապարակում հանրահավաք են անելու՝ անկախ նրանից Երևանի քաղաքապետարանը իրենց հավաքը ի գիտություն կընդունի, թե ոչ ։