Պարույր Սեւակը` գերմանացի ընթերցողի սեղանին
Փետրվարի 20-ին ուշ երեկոյան Բեռլինի գրականության տան դահլիճը լեցուն էր. տեղի ունեցավ Պարույր Սևակի ստեղծագործությունների փոքրիկ ժողովածուի շնորհանդեսը: Ներկաների շարքում էր Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Գերմանիայի Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը, հայկական համայնքի բազմաթիվ անդամներ, հայ ուսանողներ, գերմանացի ընթերցասերներ, թուրք մտավորականներ և այլ հյուրեր:
,Und sticht in meine Seele,` Ու «ծակում է հոգիս» վերնագրված և 104 էջից բաղկացած գիրքը լույս է տեսել 2015-ին <Հանս Շիլեր> հրատարակչատանը` վերջինիս հովանու ներքո: Այն, ինչպես և խորագրում է նշված, ներառում է 24 և 4 բանաստղծություններ` Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ:
Նախաձեռնության հեղինակ, Բոխումի գրողների միության նախագահ տիկին Հայդե Ռիկը իր ճամփորդություններից մեկի ժամանակ պատահաբար դիմել է Սևակ անունով մի հայի: Զրույցը հատկապես անվան հետ կապված տպավորիչ է եղել, նա բացահայտել է հայ անվանի բանաստեղծ Պարույր Սևակին: Որոշ բանաստեղծություններ կարդալուց, ուսումնասիրելուց հետո, որոշում է կայացրել անպայման թարգմանել:
Գրքի թարգմանիչներից գրող, բանաստեղծուհի Ագապի Մկրտչյանը պատմում է, որ մի օր պարոն Ազատ Օրդուխանյանը զանգահարեց իրեն. «Սևակ թարգմանելու առաջարկին այո ասեցի, այդ ժամանակ չգիտեի, թե այդ «այոն» ինչ մեծ պատասխանատվություն էր, չնայած որ թարգմանության փորձը կար: Շուրջ երկու տարի իմ ազատ ժամանակը տրամադրել եմ այս գործին>:
«Մեր գործը միայն միջնորդի դերն էր,- հավաստիացնում է պարոն Օրդուխանյանը,- երկու թարգմանիչները միասին աշխատել են թե‘ Բոխումում, թե‘ Վիսբադենում: Երբ արդեն գիրքը պատրաստ էր տպագրության, հրատարակչությունը պայման դրեց, որ 1000-ից 200-ը պետք է առնենք, դրանից 30 մենք վերցրեցինք, մնացածը Բոխումի գրողների միությունը»:
Փետրվարի 19-ին գրքի շնորհադեսը տեղի ունեցավ Փոթսդամում` Լեփսիուսի տանը, որը տարիներ արդեն հայկական շնչով է լցված: Ավելի վաղ թարգմանության հեղինակներն այն ներկայացրել են Գերմանիայի և Հայաստանի տարբեր քաղաքներում: Բեռլինում նրանց ելույթը հուզումնառատ էր: Երաժշտական կատարումներով հանդես եկան երգիչ դերասան Ստեփան Գանտրալյանը և թավջութակահարուհի Քրիստիանե Կոնրադը:
«Հրաշալի միջոցառում էր: Պարույր Սևակ հասկանալ, ընկալել և թարգմանել ու հասցնել այլ ազգի, այլ մշակույթի, համարում եմ, որ մենք մեծ գործ ենք արել: Այս ամենի համար շնորհակալություն եմ հայտնում թարգմանիչներին և Շիլեր հրատարակչությանը»,- մեզ հետ զրույցում նշեց պարոն Աշոտ Սմբատյանը:
Գայանե Առաքելյան` Բեռլինից