Ժամանակակից պետություններում իշխանության կայունությունը հազվադեպ է պայմանավորված մեկ քաղաքական գործչով․ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ժամանակակից պետություններում իշխանության կայունությունը հազվադեպ է պայմանավորված մեկ քաղաքական գործչով, այլ հիմնականում պայմանավորված է պետական կառավարման ամբողջական համակարգով։ Վենեսուելան ունի ձևավորված ինստիտուտներ, զինված ուժեր և անվտանգության կառույցներ, որոնք ապահովում են համակարգի շարունակականությունը՝ անկախ անհատներից։
Անձի վրա կենտրոնացած «ռեժիմի փոփոխության» մոտեցումը թերի պատկերացում է իշխանության իրական կառուցվածքի մասին և հաճախ գերագնահատում է խորհրդանշական դերակատարությունը։
Նման գործողությունների հիմնական նպատակը ոչ թե քաղաքական համակարգի քանդումն է, այլ հոգեբանական ճնշման իրականացումը՝ ուժի ցուցադրում, հակառակորդների վախեցում և պրոքսի ցանցերի ակտիվացում։
Այս ուղերձը սահմանափակված չէ միայն Կարակասով․ այն հասցեագրված է բոլոր այն պետություններին, որոնք դիմադրում են արտաքին պարտադրանքին։
Պատմական փորձը վկայում է, որ նման ճնշումները չեն հանգեցնում զիջումների, այլ հակառակը՝ նպաստում են ներքին համախմբմանը և անվտանգության համակարգերի կոշտացմանը։
Առաջնորդի հնարավոր չեզոքացումը՝ առանց պետական ինստիտուտների խաթարման, չի բերում ռեժիմի փոփոխության, այլ խորացնում է ուժային կառավարման մոդելը։
Առավել վտանգավոր հանգամանքը նման գործողությունների նախադեպայնացումն է, որը խարխլում է միջազգային իրավունքի հիմքերը և ուժը ներկայացնում որպես իրավունքի փոխարինիչ։
Ուստի խոսքը մեկ քաղաքական գործչի մասին չէ, այլ միջազգային կանոնակարգի քայքայման և համաշխարհային անկայունության աճի մասին»։











































