Նոր արագաչափեր կտեղադրվեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են ՀՀ ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Այսպես, 2016 թվականի փետրվարի 17-ից Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղադրված արագաչափ սարքի միջոցով արձանագրվելու են նաև հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը:
2016 թվականի փետրվարի 22-ից գործարկվելու են Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցում («Զվարթնոց» պատմամաշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածք) տեղադրված երկու արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: