24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանն՝ ատոմային խաչմերուկում

Իր նախընտրական ծրագրում Սերժ Սարգսյանը խոստացել էր. «Եկել է ժամանակը` Հայաստանում կառուցվի եւս մեկ նոր ատոմակայան»: Նախապես որոշված էր, որ նոր ատոմակայանը կկառուցվի հնի կողքին և կկոչվի «Մեծամոր- 1» կամ «Մեծամոր +» , քանի որ հնից ավելի հզոր էր լինելու` մինչեւ 1000 ՄՎտ:

Կովկասյան տարածաշրջանի միակ ատոմակայանի` ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Սակայն քանի որ, ըստ մասնագետների, այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել, շահագործման ժամկետի ավարտ սահմանվեց  2016թ. սեպտեմբերը:  Հետագայում ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ վերջնաժամկետը երկարաձգվում է մինչեւ 2019 թվականը: Իսկ ավելի ուշ խոսակցություններ շրջանառվեցին, որ Մեծամորի ատոմակայանի արդիականացման արդյունքում նախատեսվում է դրա շահագործման ժամեկտը երկարաձգել մինչեւ 2023-ը, այսինքն` մինչև նոր էներգաբլոկի կառուցումը: Սակայն մի շարք մասնագետներ անհանգստություն հայտնեցին, որ Հայաստանը վտանգավոր խաղեր է տանում, պետք չէ անընդհատ երկարաձգել  էնեգոբլոկի շահագործման ժամկետը, քանի որ ի սկզբանե այն կառուցված է եղել 30 տարի շահագործման ժամկետով:

Թեև ՀՀ կառավարությունը երկարացնում է Մեծամորի ատոմակայանի գործող բլոկի շահագործման ժամկետը, սակայն դա չի նշանակում, որ հրաժարվում են նորը կառուցելու գաղափարից: Հիշեցնենք, որ դեռեւս 2013-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատվել է «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը», իսկ գործադիրը մեկ տարի անց հաստատեց «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020թթ. միջոցառումների ծրագրի ժամանակացույցը»: Ըստ այս երկու ուղենշային  փաստաթղթերի` մինչև 2027թ. Հայաստանում պետք է կառուցվի հերթական ատոմային բլոկ, որի կառուցման  մեկնարկը կտրվի 2018 թվականին:

Նախորդ շաբաթ կառավարության նիստի օրակարգից անսպասելիորեն հանվեցին նոր ատոմակայանի կառուցման ծրագիրն ու կառուցման պլանի ժամանակացույցի որոշումները: Շատերի մոտ հարց առաջացավ` ո՞րն է պատճառը, Հայաստանը հրաժարվո՞ւմ է նոր ատոմակայն կառուցելու գաղափարից, թե՞ գիտակցում է, որ էներգաբլոկ կառուցելու համար մինչեւ 6 միլիարդ ԱՄՆ դոլար չի կարող հայթայթել. այդքան արտաքին պարտք ունի մեր երկիրը:

Ի դեպ, սա այն ծրագրերից է, որին որոշ մարդիկ դեմ են` բնապահպանական առումով:

«Լավ է, որ Սերժ Սարգսյանի խոստումը չի կատարվել»,- մեզ հետ զրույցում ասաց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը՝ հավելելով, որ ներկայիս ատոմակայանի կողքին կառուցել եւս մի ատոմակայան` ուղղակի անթույլատրելի է:

Բնապահպանի պնդմամբ` ոչ միայն հիմա, այլեւ հետո այդ տարածքում ատոմակայան կառուցելը սխալ է:

Կարինե Դանիելյանը (ՀՀ բնապահպանության  նախկին նախարար, բնապահպան)  հստակ չի հասկացել, թե ինչու ՀՀ կառավարության վերջին նիստի օրակարգից հանվեց նոր ատոմակայան կառուցելու մասին որոշումը:

«Հստակ չհասկացա, թե ինչո՞ւ որոշումն դուրս եկավ կառավարության նիստի օրակարգից, գուցե լրամշակումներ պետք է արվեն: Սակայն համոզված եմ, որ այդ հարցը նորից կդրվի քննարկման»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ որեւէ էկոլոգ կողմ չէ ատոմակայանի կառուցմանը. «Բայց այս պարագայում  մենք այլ ելք չունենք: Միայն թե ռադիոակտիվ թափոնների արտանետումների հետ կապված հարցերին հստակ պետք է տրվեն լուծումներ»,- հավելեց բնապահպանը:

Ըստ Սանասարյանի` Արարատյան հարթավայրում եւս մեկ նոր ատոմակայան կառուցելը սխալ քայլ կլինի, քանի որ նորմատիվներին չեն համապատասխանում: «Ատոմակայանների կառուցման ու շահագործման համար գոյություն ունեն չափանիշներ: Չի կարելի ատոմակայանը կառուցել խոշոր քաղաքների մոտակայքում, ակտիվ գոտիներում, հոծ բնակեցված տարածքներում, այնպիսի տեղերում, որտեղից անցնում են  երթեւեկելի ճանապարհներ»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ արդեն 8  տարի է` նոր ատոմակայան կառուցելու ծրաիրը չի իրագործվում, Կարինե  Դանիելյանը  պատասխանեց, որ դա, հավանաբար, կապված է ֆինանսների բացակայության հետ:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Լուսանկարը` հեղինակի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ