Նոր նշանված տղա է, ո՞ւր պետք է գնար. 25 ամյա Վրեժը անհայտ կորել է
«Հունվարի 14-ի երեկոյան Վրեժը տանից դուրս է եկել` ընկերոջ տուն գնալու համար: Հետո, որ չի եկել տուն ծնողները անհանգստացել են: Պարզվել է, որ ընկերոջ տուն էլ չի գնացել: Տնից ուրախ-ուրախ դուրս է եկել ու կորել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով հունվարի 14-ից անհայտ կորած 25 ամյա Վրեժ Օհանյանի մասին ասաց Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքի ղեկավար Արմեն Խաչատրյանը:
Համայնքի ղեկավարի փոխանցմամբ Վրեժ Օհանյանը խելոք ու պարկեշտ երիտասարդ է .«Միջին ապրող ընտանիք են ու ֆինանսական խնդիրներ չունեն: Ինքն էլ պարկեշտ, անշառ տղա է: Բոլորիս համար ցավալի է այս վիճակը»,-ընդգծեց գյուղապետը հավելելով, որ Վրեժը վերջերս նշանվել էր և նրա հարսնացուն էլ շատ վատ հոգևիճակում է:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վրեժ Օհանյանի անհետ կորելու դեպքի առթիվ։
Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ Ժորա Օհանյանից 2016թ. հունվարի 14-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որդին` 1990 թ. ծնված Վրեժ Ժորայի Օհանյանը, 2016թ. հունվարի 12-ին` ժամը 20.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Նույն օրը՝ 2016թ. հունվարի 14-ին, Վրեժ Օհանյանի նկատմամբ, որպես անհետ կորած, ոստիկանությունը հայտարարել է հետախուզում:
Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ երիտասարդը բնակատեղից մեկնելու կամ երկարատև բացակայելու մտադրությունը հարազատներից թաքցնելու պատճառներ չի ունեցել, իր մոտ չի ունեցել այնպիսի անձնական իրեր, առանց որոնց հնարավոր է երկարատև բացակայել բնակավայրից։
Նկատի ունենալով, որ կան բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ նա դարձել է հանցագործության զոհ՝ 2016թ. հունվարի 25-ին Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։