Որ դեպքում է պետք խուսափել գազար օգտագործելուց
Մթերքներ գնելիս խելամիտ որոշումներից մեկը կլինի գնալ բանջարեղենի բաժին և գնել կաղամբ, բազուկ, գազար, որոնց և՛ գինն է հարմար, և՛ օգուտն է անհամար: Մի փոքր մանրամասն գազարի օգտակար հատկությունների մասին:
Օգտակար հատկություններ
Գազարը A, B, C, D, E, K վիտամինների հիանալի աղբյուր է: Պարունակում է նաև պեկտին, բջջանյութ, ֆոլաթթու, շաքարներ՝ հիմնականում գլյուկոզա,կարոտին և այլն: Այն օգտակար է սակավարյունության, տուբերկուլյոզի, բրոնխիտի, ասթմայի, սրտանոթային հիվանդությունների, գաստրիտի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների և շատ այլ հիվանդությունների դեպքում, հիանալի հակաօքսիդանդ, հակաբորբոքային միջոց է, որը կարող եք հաշվի առնել վնասվածքների, վերքերի ժամանակ, որպես մաշկի որակը բարձրացնելու միջոց օգտագործելիս և այլն:
Կարծում եմ գազարի՝ տեսողության վրա դրականորեն ազդելու հատկության մասին բոլորը գիտեն: Դրա գաղտնիքը վիտամին А-ի ահռելի քանակն է գազարի մեջ: Սա այն անհրաժեշտ վիտամինն է, որի նվազ քանակի կամ բացակայության պատճառով կարող է առաջանալ հավկուրություն:
Գազարում առկա կարոտինը բավականին շատ է, բայց եթե լյարդի ֆունկցիան խանգարված է անհրաժեշտ է գազարը և մյուս կարոտին պարունակող մթերքները օգտագործել ճարպի հետ՝ օր.՝ թթվասեր կամ բուսայուղ, որը դարձնում է կարոտինը դյուրամարս:
Պետք է հաշվի առնել ու հիշել, որ գազարը բարձրացնում է արյան մակարդելիությունը: Եթե մակարդելիությունը առանց այն էլ բարձր է, ապա՝ խուսափեք շատ օգտագործելուց: Պետք չէ չարաշահել նաև ալերգիաների դեպքում /այս ժամանակ ընդհանրապես մի չարաշահեք վառ գույն ունեցող սնունդ/:
Նախաճաշին և ճաշին կարող եք օգտագործել հում գազար ամեն օր: Իսկ կաթի ու գազարի համադրությունը բավականին կարող է թեթևացնել հազը, օգտակար է խրոնիկ բրոնխիտի, թոքաբորբի ժամանակ:
Սիրով
Վ.Պ.
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից