Ուռուցքաբանության կենտրոնի աշխատանքներն ավարտական փուլում են /ֆոտո/
Ավարտին են մոտենում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի 1-ին փուլի` Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի, ստեղծման աշխատանքները: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն հերթական անգամ այցելեց Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն` իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Շինարարների և կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է տարածքով: Այժմ ընթացքի մեջ են լրացուցիչ սարքավորումների վերջնական մոնտաժային աշխատանքները: Նախարարը ծանոթացավ իրադրության վերահսկման ավտոմատացված, սառեցման, օդափոխության, կեղտաջրերի մաքրման համակարգերի և ժամանակակից այլ սարքավորումների տեղադրման գործընթացին:
Արմեն Մուրադյանը շինարարների հետ քննարկեց նաև Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքը, որոնց իրականացման ժամկետները կախված են եղանակային պայմաններից: Նախարարը հանձնարարեց հետևել աշխատանքների պատշաճ որակի և ժամկետների ապահովմանը:
Նշենք, որ այս տարվա մարտին կենտրոնում տեղադրվել էր բելգիական IBA Molecular ընկերության արտադրության «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնային արագացուցիչը: Կենտրոնի գործարկման շնորհիվ Հայաստանի բնակչությանը հասանելի կդառնա գերժամանակակից «ՊԵՏ» (Positron emission tomography) հետազոտությունը: Ընթացքի մեջ է նաև 2-րդ փուլի` Ճառագայթային բուժման մասնաշենքի, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը: Ներկայումս աշխարհում մեծ պահանջարկ ունեցող ճառագայթային բուժումը համարվում է չարորակ նորագոյացությունների բուժման առավել ծախսարդյունավետ մեթոդներից մեկը, որը ցուցված է հիվանդների շուրջ 50 տոկոսին: Ճառագայթային բուժման կենտրոնը հագեցած կլինի արդի գծային արագացուցիչներով, բրախիթերապիայի համար նախատեսված սարքավորումով, ինչպես նաև կունենա հզոր ախտորոշիչ մաս: Կենտրոնի պլանային հզորությունը նախատեսված է տարեկան շուրջ 1250 հիվանդի բուժման համար:
Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում նախատեսվում է կատարել ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում ու վաղ հայտնաբերում: Կենտրոնը հագեցվելու է ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով: