2020-ի պատերազմից հետո սկսված «ՏԻՄ բարեփոխումների» գործընթացը իրականում վերածվեց ընդդիմադիր համայնքապետերի դեմ ուղղված քաղաքական արշավի․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովոսափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանը, իր տեսակով լինելով պառակտող, համակարգեր կազմաքանդող, այդ ոճն է ներմուծել ՏԻՄ համակարգում, որը մինչև նրա իշխանության գալը ձևավորված ինստիտուցիոնալ բալանսավորված կառույց էր։ Փաշինյանի օրոք այդ համակարգը վերածվեց ճնշման և հաշվեհարդարի հարթակի, որտեղ իշխանական լոյալությունը դարձավ պաշտոնավարման միակ չափանիշը։ Առավոտվանից փորձում եմ ստւգել, որպեսզի ոչ մի հետապնդված համայնքապետի անուն չմոռանամ, պարզվում է այն անցնում է մեկ տասնյակը։ Հիմա եկեք կարճ հասկանանք, թե ովքեր են, այն ՏԻՄ ղեկակավարները, որոնք այս ընթացքում ենթարկվել են քաղաքական հետապնդումների։
2020-ի պատերազմից հետո սկսված «ՏԻՄ բարեփոխումների» գործընթացը իրականում վերածվեց ընդդիմադիր համայնքապետերի դեմ ուղղված քաղաքական արշավի։ Սկզբում այն փորձարկվեց Սյունիքում՝ Գորիսում, Քաջարանում, Կապանում, Սիսանում ու Մեղրիում, ապա աստիճանաբար տարածվեց դեպի մյուս մարզեր։ Նրանցից յուրաքանչյուրի դեմ հարուցված գործերը աչքի էին ընկնում բացահայտ քաղաքական ենթատեքստով՝ իշխանական վերահսկողությանը չհնազանդվելու, ընդդիմադիր դիրքորոշում հայտնելու կամ Փաշինյանի քաղաքականությունից հրապարակային կերպով տարբեր կարծիք ունենալու պատճառով։
Այդ նույն տրամաբանությունը շարունակվեց նաև երկրի մյուս համայնքներում։ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դեմ իրականացված գործընթացը իշխանական մանիպուլյացիայի դասական օրինակ է ։ Չնայած Ասլանյանի ղեկավարած դաշինքը ստացել էր առավելագույն մանդատներ (15 մանդատ), իշխանությունը կանխեց ավագանու նիստի անցկացումը և այնուհետև նրան ձերբակալեց՝ «պաշտոնական դիրքի չարաշահման» մեղադրանքով։ Ասլանյանը փաստացի պատժվեց և 2 տարի 7 ամիս մնաց անազատության մեջ իր քաղաքական անկախության համար։ Ի դեպ մին օրս Վանաձորը չունի քաղաքապետ, քաղաքի կառավարումը հանձնված է ՔՊ-ի կողմից նշանակված ներկայացուցչին։
Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյան 2022-ի նոյեմբերի 10-ին ձերբակալվեց․ Տավուշի սահմանամերձ համայնքում սա դիտվեց որպես նախազգուշացում մյուսներին։
Նույն ճակատագրին արժանացավ նաև Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանը, ով 2023թ․ դեկտեմբերին ավագանու անվստահության քվեարկությամբ հեռացվեց պաշտոնից՝ ոստիկանության ուղիղ միջամտությամբ, միայն այն պատճառով, որ հաղթել էր ՔՊ թեկնածուին։ Ավագանու նիստը, որտեղ կայացվեց այդ որոշումը, ընթանում էր կոտրված դռների, ուժայինների ուղիղ ներկայության պայմաններում։
Էջմիածինի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և Ապարանի գործող ղեկավար Կարեն Եղիազարյանը տարբեր փուլերում ենթարկվել են վարչական, հարկային և քաղաքական ճնշումների՝ պաշտոնական լիազորություններից զրկվելու նպատակով։ Սամվել Բալասանյանը, ում ամեն ինչ արեցին, որպեսզի չկարողանա մնալ քաղաքապետ, պաշտոնանկությունից հետո մնաց մշտական քաղաքական մեկուսացման պայմաններում՝ որպես իշխանության կողմից չեզոքացված դեմք։
2025 թվականի հունիսի 16-ին իշխանությունը կալանավորեց Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանին, իսկ հոկտեմբերի 20-ին նույն ճակատագրին արժանացավ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ղուկասյանի, ինչպես նաև Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, դարձան առաջիկա ընտրություններից առաջ կիրառվող քաղաքական ճնշման գործիքներ։
Դավիթ Համբարձումյանի դեմ հարուցված «զանգվածային անկարգությունների» գործը դասական շինծու գործ է՝ կառուցված բացառապես քաղաքական նպատակով։ Չորս վկաներից բոլորը հետ են վերցրել իրենց ցուցմունքները, սակայն դատարանը նրան դատապարտեց 6 տարի 3 ամսվա ազատազրկման։ Գործընթացը ամբողջովին «համընկավ» Նիկոլ Փաշինյանի դեմ նախաձեռնված իմպիչմենտի գործընթացի հետ։ Համբարձումյանը ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու էր, և նրա դեմ իրականացված այս գործողությունը նպատակ ուներ մեկ հարվածով ոչնչացնել թե՛ կուսակցական դիրքերը, թե՛ Փաշինյանի ընդդիմության ներսում ձևավորվող քաղաքական դիմադրությունը։
Հատուկ հիշատակման է արժանի նաև Փարաքարի ողբերգական դեպքը՝ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը։ Նա իշխանությանը ջախջախիչ հաղթանակ էր տարել Փարաքարի ՏԻՄ ընտրություններում՝ հակադրվելով իշխանական թեկնածուին։ Նրա սպանությունը արագ մոռացության մատնվեց՝ չնայած այն փաստին, որ տեղի ունեցածը ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ուներ։
Ըստ էության՝ Փաշինյանի քաղաքականությունը ոչ թե ուղղված էր ՏԻՄ բարեփոխմանը, այլ տեղական ինքնիշխանության վերացմանը՝ որպես իշխանության պահպանման միջոց։ Տեղական ինքնակառավարումը, որը սահմանադրորեն ժողովրդավարության հիմնական բաղադրիչներից մեկն է, Փաշինյանի օրոք վերածվեց իշխանության վերահսկողության գործիքի։
Նիկոլը պատմության մեջ կմնա ոչ թե որպես ՏԻՄ համակարգը
ժողովրդավարացրած ղեկավար, այլ որպես այն փաստացի ոչնչացրած մի անհատ։ Նրա քաղաքական ժառանգությունը արտահայտվում է շատ պարզ․ Հայաստանում ինքնակառավարումը այլևս չի նշանակում հանրային կամքի արտահայտություն, այլ կենտրոնական իշխանության կամքի կատարման գործիք»։











































