Աստված մեզ բախտի քմահաճույքին չի թողնում
Այսօր մարդիկ այնպիսի (սարսափելի) վիճակում են գտնվում, որ անում են այն ամենն ինչ իրենց խելքին է փչում: Ոմանք դեղահաբերով են ապրում, ոմանք՝ թմրանյութերով: Կամ էլ պատրանքի մեջ հայտնված երեք-չորս հոգի մի նոր կրոն են ստեղծում: Սակայն համեմատաբար քիչ են հանցագործությունները, դժբախտ պատահարները, չարագործությունները: Աստված օգնում է մարդկանց: Հիշում եմ, մի անգամ մի կտրիճ իմ խուց մտավ ու հարցրեց. «Լսիր, կիթառ չունե՞ս»:
Բավական չէ, որ հաշիշ է ծխում, լեզվին է տալիս, առանց հարցնելու մարդիկ ուզում են իրեն լսել, թե ոչ, դեռ կիթառ էլ է ուզում: Ոմանք էլ հոգնել են կյանքից և կամենում են ինքնասպան լինել, կամ էլ հարայ-հրոց են սարքում՝ մի չարիք գործելով: Խոսքը նրանց մասին չէ, ում մոտ այդ ցանկությունները չարամտության տեսքով են գալիս և նրանք վանում են դրանք: Այժմ մենք այն մարդկանց մասին ենք խոսում, ովքեր հոգնել են կյանքից և չգիտեն ինչ անել: Այդպիսի մեկն ինձ ասաց. «Ուզում եմ, որպեսզի թերթերում գրեն, որ ես հերոս եմ»: Ահա այդպիսի մարդկանց էլ ոմանք օգտագործում են իրենց (չար) նպատակների համար: Բայց փա՜ռք Աստծո, համեմատաբար քիչ է չարիք պատահում:
Սակայն Աստված մեզ բախտի քմահաճույքին չի թողնում, չնայած որ ինքներս մեզ այդ վիճակին ենք հասցրել: Աստված այսօրվա աշխարհը զույգ ձեռքով է պահում, իսկ նախկինում՝ միայն մեկով: Այսօր, երբ այսքան վտանգներ են շրջապատում մարդուն, Աստված նրան այն մոր պես է պահպանում, ում երեխան նոր է սկսել քայլել: Այժմ Քրիստոս, Սուրբ Աստվածածինը, սրբերը մեզ ավելի շատ են օգնում, քան նախկինում, բայց մենք դա չենք հասկանում: Իսկ ո՜ւր կհասներ աշխարհը, եթե այդ օգնությունը չլիներ… Մարդկանց մեծամասնությունը դեղահաբերով է ապրում, այնպիսի վիճակում է գտնվում, որ ուղղակի սարսափելի է:
Մեկը հարբած է, մյուսը՝ կյանքից հիասթափված, երրորդի ուղեղն է թմրած, չորրորդը ցավի պատճառով անքնությունից է տառապում: Եվ տեսնում ես, թե ինչպես են այդ բոլոր մարդիկ մեքենա ու մոտոցիկլետ վարում, ռիսկի հետ կապված աշխատանք կատարում, աշխատում են վտանգավոր հաստոցների վրա: Ի՞նչ է, նրանք բոլորն այդ ամենին համապատասխան վիճակո՞ւմ են գտնվում: Որքա՜ն մարդ վաղուց արդեն պետք է հաշմանդամ լիներ: Ինչպե՜ս է Աստված պահպանում մեզ, իսկ մենք դա չենք հասկանում…
Հիշում եմ, առաջ մեր ծնողները գնում էին դաշտում աշխատելու և մեզ հարևանուհու մոտ էին թողնում: Մենք նրա երեխաների հետ էինք խաղում: Այն ժամանակ երեխաները հավասարակշռված էին: Հարևանուհին միայն երբեմն նայում էր մեզ ու շարունակում իր գործերը, իսկ մենք հանգիստ խաղում էինք: Այդպես էլ Քրիստոս, Աստվածամայրը, սրբերը միայն հետևում էին աշխարհին, իսկ այսօր նրանք անընդհատ մեկ ինչ-որ մեկին են ընկնելու պահին բռնում, մեկ՝ մյուսին են ինչ-որ բանից ետ պահում, որովհետև մարդիկ այժմ անհավասարակշիռ են: Այժմ այնպիսի բաներ են պատահում, որ Աստված հեռու պահի… Նույնն է, թե մայրն իրեն նեղություն պատճառող մի քանի երեխա ունենա. մեկը հիմարիկ է, մյուսը՝ խենթուկ, երրորդն էլ՝ անհնազանդ… Դե արի ու հարևանիդ երեխաներին էլ հետևիր, քոնից բացի:
Մեկը մի բարձր տեղ է մագլցել և ուր որ է ցած կընկնի, մյուսը դանակ է վերցրել և ուզում է կոկորդը կտրել, երրորդը պատրաստվում է չորրորդին վիրավորել… Մայրը չի կարողանում հանգստանալ, աչք չի փակում, հետևում է նրանց, իսկ զավակները նրա անհանգստությունը չեն հասկանում: Այդպես էլ աշխարհը չի հասկանում, որ Աստված օգնում է իրեն: Եթե Աստված չօգներ, ապա աշխարհը վաղուց արդեն խեղված կլիներ այդ քանակի վտանգավոր ժամանակակից տեխնիկայի պատճառով: Բայց (հուրախություն մեզ) մենք պաշտպաններ ունենք. մեր Հայրը՝ Աստված, մեր Մայրը՝ Սուրբ Աստվածածինը, մեր եղբայրներն ու քույրերը՝ սրբերն ու հրեշտակները:
Որքա՜ն է սատանան ատում մարդկային ցեղը: Որքա՜ն մեծ է մեզ ոչնչացնելու թշնամու ցանկությունը: Իսկ մենք մոռանում ենք, թե ում դեմ ենք պատերազմ վարում: Եթե միայն իմանայիք, թե սատանան արդեն քանի անգամ է աշխարհն իր պոչով կապկպել, խճճել՝ կամենալով կործանել այն: Բայց Աստված նրան թույլ չի տալիս, կործանում է նրա բոլոր պլանները: Աստված նույնիսկ այն չարից է օգուտ քաղում, որ բանսարկուն է ձգտում անել: Սատանան այժմ հող է հերկում, բայց վերջին հաշվով Քրիստոսն է ցանելու: Տեսեք. Բազումողորմ Աստված երբեք թույլ չի տալիս, որպեսզի մեծ փորձությունները երեք սերնդից ավել շարունակվեն: Նա միշտ թթխմոր է թողնում: Բաբելական գերությունից առաջ իսրայելցիները վերջին զոհաբերության կրակը ցամաքած ջրհորում թաքցրեցին, որպեսզի հետո դրանից կրակ վառեն նոր զոհաբերությունների համար:
Եվ իսկապես, յոթանասուն տարի անց, երբ նրանք վերադարձան գերությունից, ապա առաջին զոհաբերության կրակը վառվեց ջրհորում նրանց գտածից (Բ Մակ. 1:19-22): Բոլոր ծանր ժամանակներում էլ ոչ բոլոր մարդիկ են չարի ետևից գնում: Աստված թթխմոր է պահում գալիք սերունդների համար: Կոմունիստները հակառակվեցին ու դիմացան յոթանասունհինգ տարի, ճիշտ երեք սերունդ: Իսկ սիոնականները, չնայած որ արդեն այսքան տարի հակառակվում են, յոթ սերունդ էլ չեն դիմանա:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի