Ինքնահոս ոռոգման համակարգեր կներդրվեն
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է Ոռոգման համակարգի բարելավման ծրագրի իրականացման առաջընթացի վերանայման նպատակով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի առաքելության պատվիրակությանը:
Ողջունելով ներկաներին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել մինչ օրս ոռոգման ոլորտում իրականացված և ընթացքի մեջ գտնվող համատեղ ծրագրերի արդյունավետության համար՝ շեշտելով դրանց հասցեական և նպատակային լինելու կարևորությունը:
Արամ Հարությունյանը նշել է, որ համատեղ աշխատանքով հաջողվում է բեկում մտցնել ոչ միայն էլեկտրաէներգիայի տնտեսման, ջրամբարաշինության, այլ՝ ընդհանրապես ջրային ոլորտի կառավարման համապատասխան գործընթացներում:
Առաքելության աշխատանքային խմբի ղեկավար ջրային պաշարների գծով ավագ մասնագետ Վինսթոն Յունը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է պետության անմիջական մասնակցությունը ջրային կառավարման ոլորտի խնդիրների լուծման հարցում: Հայաստանը՝ ջրօգտագործողներին պետական աջակցություն մատուցելու հարցում օրինակելի երկիր համարելով՝ նա նշել է, որ շատ առաջադեմ երկրներում պետական հոգածությունը բացակայում է:
Կողմերը քննարկել են առաջիկայում ոռոգման համակարգի բարելավմանը նպաստող ծրագրային առաջնահերթությունները, մասնավորապես՝ որոշ համայնքներում մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինելու, ջրհան կայանների հեռացնող ջրանցքների բարելավման և մի շարք այլ հարցեր:
Արձանագրվել է, որ Ծրագրի շրջանակներում մինչև տարեվերջ ավարտվելու է Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցումը, ընթացքի մեջ են Գեղարդլաճի ինքնահոս համակարգի կառուցման աշխատանքները: Մեղրիի ինքնահոս համակարգում ավարտվել է մագիստրալի խողովակաշարի կառուցումը՝8,64 կմ երկարությամբ, մի նչև տարեվերջ կառուցվելու է 35,3 կմ երկարությամբ Ձախ ճյուղի մագիստրալի խողովակաշարի կառուցումը:
Ջրհան կայանների հեռացվող ջրանցքների վերականգնման ենթաբաղադրիչով նախատեսվում է մինչև հաջորդ տարվա դեկտեմբերը վերականգնել 13 ջրանցք: 2015 թվականին նախատեսվում է Համաշխարհային բանկի հետ իրականացնել շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ ծրագրեր:
Քննարկվել է նաև մի շարք համայնքներում ինքնահոս համակարգի կառուցման ծրագրեր: Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել համայնքներում ինքնահոս համակարգի կառուցումը համադրել համայնքի բնակիչների համար բարենպաստ գործարար և տուրիստական ոլորտների հետ՝ բացառելով շահերի բախման որևէ հավանականություն:
Այս համատեքստում անդրադառնալով Քաղցրաշեն համայնքի որոշ բնակիչների բարձրաձայնած մտահոգություններին՝ կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ մինչ ծրագրի մեկնարկը պատրաստ է ցանկացած ձևաչափի քննարկումներ ունենալ քաղցրաշենցիների հետ:
Հանդիպման ավարտին առաքելության աշխատանքային խմբի ղեկավար Վինսթոն Յունը, ևս մեկ անգամ կարևորելով մեր երկրի՝ ջրօգտագործման ոլորտին առնչվող քաղաքականությունը, հույս է հայտնել, որ կոմիտեի հետ համատեղ տարվելիք հանրային իրազեկման աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի գտնել համայնքների համար շահեկան լուծումներ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանը, Ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն Ֆելիքս Մելիքյանը, Համաշխարհային բանկի ծրագրերի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը, սոցիալական զարգացման ավագ մասնագետ Սոֆյա Գեորգիևնան:
Համաշխարհային բանկի առաքելության միջնաժամկետ առաքելության հիմնական նպատակն է գնահատել ծրագրի ընդհանուր արդյուքնները, ցուցանիշները և ազդեցությունները զարգացման արդյունքների տեսանկյունից, աջակցել ծրագրի իրականացման խոչընդոտների և խնդիրների լուծմանը: