«Մեռնելը հանցանք չէ». Ջեք Գեւորգյան. Հայտնի հայերը շարքից
Ջեք Գեւորգյանն աշխարհում էվթանազիայի ամենահայտնի պաշտպաններից մեկն էր եւ Միացյալ Նահանգներում «մահվան իրավունքի» շարժման ջատագովներից։ Օսմանյան կայսրությունից ներգաղթած ծնողների ժառանգ լինելով (մայրը Հայոց ցեղասպանության վերապրող էր)՝ նա եղել է օրինակելի ուսանող եւ էրուդիտ, գրում է 100LIVES.COM-ը։ Համալսարան վաղ ընդունված լինելով եւ ճարտարագիտությունից անցում կատարելով բժշկական կրթության՝ Գեւորգյանն սկսել է աշխատել իբրեւ բժիշկ, սակայն թողել է սովորական պրակտիկան, որպեսզի կարողանա հետազոտել ու կիրառել իր ոչ-ավանդական գաղափարները, օրինակ՝ բժշկական փորձարկումներ իրականացնել մահվան դատապարտված կալանավորների վրա։
Բժիշկ աշխատելու վաղ տարիներից ի վեր տարված լինելով մահվան գաղափարով՝ բուն էվթանազիայով նա սկսել է հետաքրքրվել շատ ավելի ուշ։ Նա օգնել է իրականացնել ավելի քան 100 ինքնասպանություն, որոնց ընթացքում օժանդակել է հիվանդներին՝ նրանց հնարավորություն ընձեռելով տնօրինելու հատուկ այդ նպատակի համար իր ստեղծած դեղանյութի ներհոսքը։ Երբ նրա թույլտվության համաձայն՝ ինքնասպանություններից մեկը հեռարձակվեց ազգային հեռուստատեսությամբ, իրավապահ մարմինները նրա դեմ սպանության մեղադրանքով գործ հարուցեցին, մեղավոր ճանաչեցին եւ դատապարտեցին բանտարկության։ Նրա ազատ արձակման պայմաններից էր այն, որ նա այլեւս իրավունք չունեցավ օժանդակել ինքնասպանությունների իրականացմանը։ Ջեք Գեւորգյանը, սակայն, շարունակեց մնալ էվթանազիայի համոզված պաշտպան։
Դոկտոր Գեւորգյանի անձը մշտապես պարուրված է եղել հակասականության շղարշով, ինչի հետեւանքով նրա հայտարարությունների եւ երբեմն նաեւ հանդուգն քայլերի շուրջ հաճախ են մեդիա-փոթորիկներ բարձրացել։ Գեւորգյանին նկարագրելու համար մեդիան գրեթե միշտ օգտագործել է իր բժիշկ գործընկերների կողմից նրան տրված «Դոկտոր Մահ» մականունը։ Կյանքի վերջին տարիներին, երբ էվթանազիայի շուրջ տրամադրություններն ու գաղափարներն սկսել էին արդեն դանդաղորեն փոխվել, նրան ավելի շատ սկսեցին պատկերել իբրեւ տառապյալների կարեկից պաշտպանի ու առաջամարտիկի։
Չնայած ամբողջ կյանքի ընթացքում իր անձի շուրջ ծավալվող լրջագույն հակասություններին՝ նրա քայլերն իսկապես նոր մշակվող խնդրի ճակատային գծում կանգնած առաջամարտիկի գործ էին։ Հանուն էվթանազիայի օրինականացման տարվող պայքարում նրա թողած հետքն անջնջելի է եւ լավագույնս ձեւակերպվել է բժշկության պատմաբան Հովարդ Մարքելի կողմից, ըստ որի՝ Գեւորգյանը «ժամանակակից բժշկության խոշորագույն եւ պատմական անձնավորություններից մեկն է»։
Հետաքրքիր փաստ
Դոկտոր Գեւորգյանը նաեւ նկարիչ էր եւ հաճախ էր ստեղծում մահվան թեմաներով նկարներ։