Խաղից դուրս մնացին. թեժ «ռազբորկա» Գյումրիում. Հրապարակ
Գյումրիում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ լուրջ ռազբորկաներ են գնացել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նախկին ԲՀԿ-ական, քաղաքապետի հավակնություններ ունեցող Մարտուն Գրիգորյանի թիմակիցների միջեւ: Ղուկասյանը ցանկացել է իշխանությունների համար հույժ կարեւոր այս գործընթացի «քավոր» կանգնել, բնականաբար, ծանրակշիռ ակնկալիքներով:
Սակայն Մարտուն Գրիգորյանի թիմը բացատրական աշխատանք է տարել, իսկ ՀՀԿ-ից նկատողություններ են ստացվել, եւ Ղուկասյանը բավարարվել է իր հարազատ Սլաբոդկա թաղամասի 2 ընտրատարածքներով, որոնք մտնում են Մարտուն Գրիգորյանի ընտրատարածքի մեջ: Մեր տեղեկություններով, երկու թիմակիցներն անցած շաբաթ հենց Սլաբոդկա թադամասում են «հաշիվները» մաքրել:
Վարդան Ղուկասյանին ասել են, որ, իբրեւ բարի կամքի դրսեւորում, երկու ընտրատարածք կտան` թող զբաղվի, իսկ ավելորդ ցանկությունների դեպքում գլխացավանքների մեջ կհայտնվի: Այս ամենը հասել է ՀՀԿ կենտրոնական շտաբ, որտեղից Էլ կարգի են հրավիրել Ղուկասյանին: Նա չցանկացավ զրուցել մեզ հետ, իսկ Մարտուն Գրիգորյանն Էլ վստահեցրեց, թե որեւէ ընդհարում չի եղել, սակայն հաստատեց, որ Վարդան Ղուկասյանն իր ընտրատարածքի երկու տեղամասերում է աշխատանք տանելու:
Պատգամավորի ընտրատարածքն ընդգրկող 41 ընտրատեղամասերից մի երկուսն էլ վստահվել են մեկ այլ գյումրեցու` ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին, իսկ Սամվել Բալասանյանին ընդհանրապես դուրս են թողել խաղից: