Գինու բաժակներ. ոսկե կանոններ
ԿԱՐՄԻՐ ԳԻՆՈՒ ԳԱՎԱԹ
Կարմիր անապակ գինին ըստ արժանվույն գնահատելու համար Ձեր ընտրած գավաթը պիտի առնվազն 600 մլ. ծավալ ունենա: Այս տեսակի գինիների համար նախատեսված գավաթների պատերը գրեթե չեն նեղանում եզրին մոտ և չեն կլորանում: Այս ձևը թույլ է տալիս գինուն հոսել ուղիղ լեզվի առջևի և կենտրոնական հատվածների վրա, որոնք զգայուն են հիմնականում քաղցր համերի նկատմամբ, ինչի հետևանքով առաջին կումն անելիս Դուք չեք զգում գինու թթու կամ տտիպ համը, այլ ըմբոշխնում եք մրգային բույրը: Այս տեսակ գավաթներն ունիվերսալ են և կարող են օգտագործվել գրեթե բոլոր տեսակի կարմիր գինիների համար:
Իսկ ահա հնացրած կարմիր գինին մատուցվում է ավելի փոքր ծավալի գավաթով, որի պատերը գնալով նեղանում են: Այն հարմար է նաև քաղցր ու կիսաքաղցր գինու համար: Բացատրությունը հետևյալն է` հնացրած գինու նուրբ բույրը կարող է փչանալ օդի հետ մեծ շփման հետևանքով, իսկ քաղցր գինու համն ավելի հավասարակշռված կթվա, եթե նեղ եզրի շնորհիվ հոսի դեպի լեզվի քաղցրի հանդեպ քիչ զգայուն հետնամասը: