Հաղորդավարը մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություններ թույլ տալու մեջ
“BBC”-ի սպորտային մեկնաբան 82-ամյա Ստյուարտ Հոլին մեղադրանք է հարուցվել 3 անչափահաս` 8-17 տարեկան աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություններ թույլ տալու համար, գրում է “Tha Guardian”-ը: Հոլն անպարկեշտ գործողություններ է կատարել 1974-84-ին:
Հոլի նկատմամբ բռնաբարության մեղադրանք չի հարուցվել, չնայած համապատասխան ցուցմունքներ նրա դեմ եղել են: Նրան ազատ էին արձակել` 2013-ի հունվարի 7-ին դատարան ներկայանալու պայմանով:
Ստյուարտ Հոլը “BBC”-ում աշխատում է 1959-ից: Նա հայտնի է դարձել 1970-80-ականներին` որպես “It’s a Knockout” շոուի հաղորդավար: Այժմ նա միայն որպես սպորտային մեկնաբան է հանդես գալիս, սակայն “BBC”-ն հայտարարել է, որ մինչեւ նրա գործով հետաքննությունը չավարտվի, նա չի հայտնվի եթերում:
Նշենք, որ Հոլը ռադիոկայանի առաջին հաղորդավարը չէ, ում հանդեպ նման մեղադրանք է հարուցվել: Անչափահասների հետ սեռական հարաբերությունների մեջ մեղադրանք է հարուցվել նաեւ Ջիմի Սեւիլին, ով մահացել է 2011-ի աշնանը: